‘
iLur.am-ի զրուցակիցն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վահագն Հայոցյանը
— Պարոն Հայոցյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը Հայաստանում:
— Իշխանությունը զավթածները ձախողվել են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ: Նրանք քաղաքականությունն, ըստ էության, վերածել են թայֆաբազության: Շատ հաճախ կամ ընդհանրապես թայֆայի անդամները պետությանը վերաբերող կարեւորագույն հարցերն իմանում են մամուլից: Այդպես եղավ հայ-թուրքական արձանագրությունների, ՄՄ անդամակցելու հարցի, անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դեպքում: Սերժ Սարգսյանն իր միանձնյա որոշումներով հիմար վիճակի մեջ է դնում անգամ թիմակիցներին: Չորս տարի շարունակ շարմազանովները պնդում էին, որ Հայաստանի ապագան Եվրոպա գնալն է, բայց սեպտեմբերի 3-ից սկսած՝ ստիպված էին դեռ երեկվա իրենց պնդումների՝ տրամագծորեն հակառակն ապացուցել:
— Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետեւանք է այս վիճակը:
— Այս իրավիճակը նոր չի ստեղծվել, պարզապես՝ 1998թվականին դավադրություններով ու ընտրակեղծիքներով իշխանության հայտնվածները, 2008թ. արյունահեղությամբ վերարտադրվելուց հետո՝ ավելի խորացրին ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին խնդիրները՝ Հայաստանը հասցնելով անդունդի եզրին: Լեգիտիմության բացակայությունը միշտ էլ նման հետեւանքներ է ունենում:
— Թուրքիայի նախագահ Էրդողանն ընտրվելուց հետո առաջին այցը կատարեց Բաքու, որտեղ էլ հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ԼՂ խնդրի լուծումից հետո միայն: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը Էրդողանին հրավիրել է 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելել Հայաստան:
— Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլահ Գյուլին էլ հրավիրեց Հայաստան, ու նրա հետ միասին ծափահարեց Հայաստանի դարպասին Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խփած գոլը: Կարծում եմ՝ նման մի բան էլ կլինի այս անգամ, եթե, իհարկե, Էրդողանը բարեհաճի ընդունել հրավերն ու գալ Հայաստան:
— ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը, այնտեղ են լինելու եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, եւ Ալիեւը: Ձեր կարծիքով, ի՞նչ է սպասվում այնտեղ:
— Բաքվում Էրդողանը խոստացել է նաեւ Ղարաբաղյան խնդիրը բարձրացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այնպես որ՝ Էրդողանի մոտեցումները մնում են նույնը. նա ասել է՝ հայ-թուրքական հարաբերությունները կլուծվեն ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելուց, այն է՝ «գրավյալ տարածքները» վերադարձնելուց հետո: Հիմա գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է. կապրենք՝ կտեսնենք:
— Քառյակը խոստացել էր աշնանը ամփոփել իշխանություններին առաջադրած 12 պահանջների կատարման ընթացքը: Ակնհայտ է, որ աշնան հետ կապված՝ հասարակությունն էլ որոշակի սպասելիքներ ունի ընդդիմադիր ուժերից: Այս անգամ աշունն իրո՞ք թեժ է լինելու, թե՞, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը միշտ էլ ամեն տարի խոստանում է թեժ աշուն, թեժ գարուն…
— Սերժ Սարգսյանը փոխանակ ընդդիմության բարձրացրած հարցերի մասին խոսի, հավաքում է ջահելներին ու փորձում գուշակություններ անել: Նախ՝ 12 հարցերը բարձրացնելուց էլ ՀԱԿ-ը վստահ էր, որ որեւիցե բան չի փոխվի: Բայց հանուն Քառյակի միասնականության՝ համաձայնեց ժամանակ տալ նոր կառավարությանը: Կարծում եմ, այսօր մեր գործընկերներն էլ համոզվեցին, որ այս ռեժիմն իրեն սպառել է, եւ երկրում առկա խնդիրները կլուծվեն միայն իշխանափոխությունից հետո: Սա ՀԱԿ-ի օրակարգային գլխավոր հարցն է, եւ ՀԱԿ-ն ամեն ինչ արել եւ անելու է՝ իշխանափոխության հասնելու համար: Իսկ փոփոխությունների սպասող հասարակությունից սպասվում է ընդդիմության նախաձեռնած գործընթացներին ակտիվ մասնակցություն. կարծում եմ՝ յուրաքանչյուրը գիտի, որ դա է խնդրի լուծման հիմնական գրավականը:
— Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Քառյակի ներսում անհամաձայնությունների, տարաձայնությունների վերաբերյալ: Որքանո՞վ է իրական դա, եւ արդյո՞ք որոշ հարցերի շուրջ տարբեր պատկերացումները կխանգարեն առաջիկա գործընթացներին:
— Քառյակում ընդհանուր ռազմավարական հարցերի շուրջ տարաձայնություններ չկան: Իսկ «խնդիրների մասին» խոսակցություններն ակտիվացրել են Բաղրամյան 26-ին սպասարկող վերլուծաբաններն ու մամուլի միջոցները: Սա միայն Սերժ Սարգսյանի երազանքն է, որը, համոզված եմ, այդպես էլ երազ կմնա:
Արման Գալոյան
‘