‘Վահան Բաբայան. Այդօրինակ «սոցիալական» քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը ավելի ու ավելի է դատարկվում. տեսանյութ’

1045

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի ելույթը Ազգային ժողովում՝ 2014թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ. 

Հարգելի գործընկերներ,
Նախորդ տարվա ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ ես բարձրացրեցի մի շարք հարցեր՝ կապված որոշակի ոլորտներում եթե ոչ զավեշտալի, ապա մեղմ ասած՝ ոչ առաջնային կարևորություն ունեցող հատկացումների վերաբերյալ: Սակայն բյուջեն ընդունվեց, և համաձայն կառավարության հավաստիացումների՝ այն սոցիալական մի շարք խնդիրներ պետք է լուծեր ՀՀ քաղաքացիների համար: Կարծում եմ նույնիսկ անիմաստ է խոսել այն մասին, որ 2013թ. բյուջեն լուծել է իր առջև դրված խնդիրները: Եթե նույնիսկ հատկացված գումարները բյուջեի կատարողականում ներկայացվեն որպես ծախսված գումարներ, ապա դրանք հստակորեն իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ ժողովրդի հոգսերն ու սոցիալական խնդիրները օրեցօր ավելանում ու ծանրանում են: Ասեմ ավելին, այդօրինակ «սոցիալական» քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը ավելի ու ավելի է դատարկվում, իսկ մնացողների ճնշող մեծամասնությունը իր հացի խնդիրը վարկերով է լուծում: Չնայած մեծ հաշվով գուցե զարմանալի էլ չէ, քանի որ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունն է սկսել վարկերով ապրելու քաղաքականություն վարել, երբ միջազգային որևէ կազմակերպությունից կամ պետությունից վերցված նոր վարկով մարում ենք հին վարկերը, մինչև ժողովրդական լեզվով ասած՝ «տեսնենք գլխներիս ինչ կգա», այդ ընթացքում էլ ավելի կուտակելով ու մեծացնելով ՀՀ արտաքին պարտքը՝ հասցնելով արդեն 5 մլրդ. ԱՄՆ դոլարի շեմին: Անցել է շուրջ մեկ տարի, բայց կառավարությունը ոչ միայն հետևություններ չի արել, այլ սկսել է բացահայտ ծաղրել հասարակությանը, երբ որոշ ոլորտներում անհեթեթ հատկացումներն ավելացել են, մինչդեռ մի շարք դեպքերում կառավարությունը պնդում է, որ ՀՀ բյուջեն գումարներ չունի: 
Նշեմ դրանցից մի քանիսը.
1. ՀՀ կառավարության գործունեության գնահատականների, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություններ – 106.932.000 դրամ: Նախորդ տարի ևս հատկացվել էր նույնքան գումար, մինչդեռ այդ հետազոտության արդյունքում կարծես ոչինչ չփոխվեց, այդ դեպքում ինչն եք պատրաստվում հետազոտել կամ ինչի համար:
2. Գյուղական խորհրդատվական ծառայություններ – 346.453.000 դրամ, մինչդեռ նախորդ տարի տրամադրվել էր 295.000.000: Իսկ թե ում կամ ինչ խորհուրդներ են տվել, այդպես էլ անհայտ մնացին:
3. ՀՀ դատարանների գրասենյակային նյութեր և հագուստ – 279.567.000 դրամ, ինչը պարզապես զավեշտալի է, մանավանդ երբ արդարադատության որակը դրանից չի փոխվում:
4. Աջակցություն իրավախախտում կատարած անչափահասների գեղագիտական դաստիարակությանը – 20.112.000 դրամ, մինչդեռ նախորդ տարի հատկացվել էր մոտ 7 մլն. դրամ: Հավանաբար կամ իրավախախտում կատարած անչափահասներն են շատացել, կամ նրանց գեղագիտական ճաշակն է բարձրացել ու ավելի թանկ է նստում պետության վրա:
5. Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ – 17.000.000 դրամ նախորդ տարվա 6.6 մլն. դրամի համեմատ, հավանաբար թրաֆիքինգի զոհերի թիվը կամ նրանց պահանջները ևս մեծացել են:
Այս օրինակները բազմաթիվ են: Կառավարությունը գործազուրկներին զրկում է «երջանկահիշատակ» նպաստից՝ չստեղծելով աշխատատեղեր, բայց փոխարենը բարձրանում են պաշտոնյաների աշխատավարձերը: Հաշվի առնենք նաև, որ վերջին տարիներին ոչ միայն չկա շոշափելի տնտեսական աճ, այլև առկա են գնաճի ու ՀՆԱ խայտառակ ցուցանիշներ: 
Վերջապես ե՞րբ է կառավարությունը ստանձնելու պատասխանատվություն իր վարած քաղաքականության համար: Ո՞վ և ե՞րբ է պատասխանատու լինելու Հայաստանի տնտեսությունը արագորեն անդունդը գլորելու համար:
Հ.Գ. Ուզում եմ հիշեցնել նախորդ ամիս իմ կողմից բարձրացված՝ սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզի հարցը, որի գործարկման համար անհրաժեշտ է տարեկան ընդամենը 8 մլն. դրամ, որպեսզի հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ ապրող երեխաների խնդիրը լուծվի: Կառավարությունից պատասխան հնչեց, որ դա ոչ թե կառավարության, այլ համայնքային իշխանությունների խնդիրն է, որոնք ի դեպ բավական սուղ են: Փոխարենը օրինակ Երևանի քաղաքապետարանը ունի այնքան ավելորդ միջոցներ, որ կարող է իրեն թույլ տալ միլիոններ ու միլիարդներ ծախսել, Երևանի Կենտրոնում ամեն տարի ասֆալտապատման աշխատանքներ կատարել, երբ դրա կարիքը բնավ չկա, իսկ սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների, դպրոցների, էլ չեմ խոսում խմելու ջրի ու ճանապարհների խնդիրների համար գումարներ չկան ու մոտ ապագայում կարծես չեն էլ լինելու: Բայց օրինակ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթի համար գումարներ գտնվում են, ինչը սահմանամերձ գյուղի մանկապարտեզից ավելի կարևոր է մեր կառավարության համար: Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ խնդիրը բնավ էլ գումարների սղությունը չէ, այլ պարզապես կա կառավարման համակարգի լուրջ դեֆեկտ: Բերեմ ևս մեկ օրինակ: ԲՈւՀ-երում ուսման վարձերը թանկացան, բազմաթիվ ուսանողներ ու ընտանիքներ ի վիճակի չէին վճարել նույնիսկ նախկին գներով, իսկ այժմ նրանց բեռը էլ ավելի է ծանրացել: Եթե պետությունը ի վիճակի չէ կամ գումար չունի, որպեսզի փոխհատուցի կամ օգնության ձեռք մեկնի անապահովներին, ապա կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել: Ես որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի երիտասարդական ծրագրերի պատասխանատու նամակով դիմել եմ թե ԲՈւՀ-երի ռեկտորներին, թե Կրթության և գիտության նախարարին, որպեսզի իրենց իսկ ընտրությամբ ներկայացնեն ուսանողների ցուցակ, որպեսզի հիմնադրամը միջոցներ տրամադրի նրանց ուսման համար: Սակայն արդեն ավելի քան 1 ամիս է, որ պատասխան չկա ոչ մի նամակին: Ահա և այդ նամակների կրկնօրինակները, որոնք ի դեպ առձեռն են հանձնվել ռեկտորների և նախարարի ընդունարաններ, որպեսզի չպատճառաբանվի, թե փոստը ուշացել է կամ չեն ստացել: Արդյո՞ք մեր նամակին պատասխանելու համար ևս միջոցներ չունեք, թե պարզապես մարդկանց խնդիրները լուծելու ցանկության բացակայությունն է պատճառը: Կարծում եմ առաջին տարբերակը նույնիսկ քննարկման ենթակա չէ, իսկ եթե չկա ցանկություն նույնիսկ գումարների առկայության դեպքում, ապա կրկին գալիս ենք այն եզրակացության, որ խնդիրը մոտեցումների ու կառավարման համակարգի դեֆեկտի մեջ է: Ինչպես արդեն նշեցի, այսպիսի օրինակները բազմաթիվ են, որոնց կանդրադառնամ ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում:  

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Զավեշտ է, որ մինչ այժմ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը հրաժարական չի ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը կայցելի Գյումրի՞’