‘Վահան Թումանյան. Անփոխարինելին միայն դաշնակցությունն է’

6469

Սերժ Սարգսյանը փոխարինելի՞ է, թե՞ անփոխարինելի՝ հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ տասնյակ անգամ է ասել՝ անփոխարինելի մարդիկ չկան:

Որպեսզի տպավորությունը ցրի եւ կոալիցիոն «ամուսնու» մոտ խանդ չառաջացնի, դաշնակցական պատգամավորը նախապես ապահովագրվել է եւ ասել, որ երբ սահմանադրությունն ընդունվում էր, պարզ էր, թե ով է վարչապետ նշանակ(վ)ելու, բայց իրենք դրանից գոհ են:

Եթե անփոխարինելի մարդիկ չկան, չեն կարող լինել, ուրեմն չկան նաեւ անփոխարինելի կուսակցություններ: Քաղաքական տրամաբանությունը դա է հուշում, փորձը՝ հաստատում: Հակառակ դեպքում՝ կլինեին մշտապես կառավորող եւ ընդմիշտ ընդդիմություն հանդես եկող կուսակցություններ կամ բոլոր երկրները կանցնեին միակուսակցականության, կամ առհասարակ կուսակցություն ստեղծելու, քաղաքական մրցակցության մեջ մտնելու անհրաժեշտություն չէր զգացվի: Հայ իրականության մեջ, այդուհանդերձ, դաշնակցությունը բացառություն է՝ որպես անփոխարինելի կուսակցություն: Որեւէ այլ ուժ չունի իրականությունը մանիպուլյացիայի ենթարկելու ոչ այդքան փորձ, ոչ, մանավանդ, հմտություն: Միայն դաշնակցությունն է կարողանում ակնհայտ իրողությունները բերել սեփական «ծիրին» մեջ, հետո մատուցել որպես մի այնպիսի ճշմարտություն, որին մյուսները հասու չեն: Միայն դաշնակցությունն է ի զորու անմռունչ քաշել կոալիցիայի «լուծը»: Միայն դաշնակցությունն է, որ սեւը սպիտակ է տեսնում: Միայն դաշնակցության երեւակայությամբ է հնարավոր «սահմանադրական միապետությունը» տեսնել «խորհրդարանական կառավարման համակարգ»: Դաշնակցությունն, իրոք, անփոխարինելի է իրականությունը կեղծելու, երկրի եւ ժողովրդի շահը ոտնահարելու, հանուն երկու նախարարական պորտֆելի՝ շարքային անդամների վրա բռնանալու, նախկին զինակիցներին եւ «անդուլ պայքարի» սիմվոլներին մոռանալու, հրապարակավ ուրանալու, անգամ հետին թվով նրանց քարկոծելու իր դարավոր հարմարվողականությամբ:

Անփոխարինելի մարդիկ, այո, չկան: Կան անփոփոխելի «արժեքներ եւ սկզբունքներ», որ երկիրը մի անգամ տարել են կործանման, իսկ այսօր արգելակում են խաղաղության ճանապարհը: Որովհետեւ խաղաղության եւ իրական ժողովրդավարության երկրում դաշնակցությունն այլեւս անելիք չի ունենա:

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Երեւանում՝ 8 վիրավոր կա. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետ. Առանց Իրաքի համաձայնության՝ Սինջափում գործողություն չի սկսվի’