‘Վահան Թումանյան. Դաշնակցության «եվրոկարգավորումը»’

8311

Ազգային ժողովում Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի քննարկմանը դաշնակցության անունից ելույթ ունենալով՝ Արմեն Ռուստամյանը նաեւ Ղարաբաղի կարգավորմանն է անդրադարձել: «Ինչքան նրանք պետք է վերահսկեն մեզ մեր պետականաշինության գործընթացներում, այդքան էլ մենք պետք է վերահսկենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն, և Ղարաբաղի հարցում այն բանաձևումները, որ որդեգրվել են, դառնան միս ու արյուն և կիրառվեն բոլորի նկատմամբ անվերապահորեն»,- ամփոփել է Ռուստամյանը :

Եվրամիություն-Հայաստան համաձայնագրում Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ բառ առ բառ կրկնված է այն, ինչ միջնորդական առաջարկում է ասված՝ ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում: Գործնականում՝ քսան տարուց ավելի է, դաշնակցությունը կարգավորման այդ կոնցեպցիան մերժում է: Իսկ Ռուստամյանի ելույթից կարելի է հասկանալ, որ նա մտավախություն ունի, որ Եվրամիությունը կարող է Ադրբեջանի հետ բանակցություններում կիրառել երկակի ստանդարտներ եւ Ղարաբաղի խնդրով այլ ձեւակերպումներ անել: Փաստացի՝ Ռուստամյանը խնդիր է դնում, որ Հայաստանն էլ Եվրամիությանը վերահսկի, որպեսզի Ղարաբաղի հարցում «բոլորի նկատմամբ անվերապահորեն» կիրառվեն վերոնշյալ երեք սկզբունքները: Այսինքն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրում արձանագրվածը դաշնակցության համար լիովին ընդունելի, նույնիսկ ցանկալի է: Ստացվում է, որ երբ Ադրբեջանի հետ խաղաղ-փոխզիջումային կարգավորման գնալու մասին Հայաստանում են խոսում, դաշնակցությունը իսկույն հիշում է պատմական արդարության վերականգնման եւ ազգային պահանջատիրության մասին, որդեգրում «ոչ մի թիզ հող» լոզունգը, բայց երբ նույնը գրվում է Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրում, ասել է թե՝ ձեւակերպվում որպես ԵՄ միասնական մոտեցում, ապա ՀՅԴ-ի համար փոխզիջումը դառնում է մի անհրաժեշտություն, որին հասնելու համար նա հարկ է համարում լուրջ ջանքեր ներդնել, որպեսզի հանկարծ երկակի ստանդարտներ չկիրառվեն:

Շատ նման է նրան, երբ քսան տարի առաջ ասում էին, թե կարիք չկա գնալ փոխզիջումների, քանի դեռ դա մեզնից չեն պահանջում: Ըստ երեւույթին՝ դաշնակցության գիտակցությանը վերջնականապես հասել է, որ Ղարաբաղի հարցում փոխզիջումը նաեւ Եվրամիության պահանջն է: Եւ հիմա խիստ անհանգստանում է, որպեսզի այդ «լուրջ նվաճումը» հանկարծ ձեռքից չտա: Քաղաքական անլիարժեքության ավելի ցայտուն օրինակ դժվար է վկայակոչել: Դաշնակցությունը , երեւի, չի հասկանում, որ փոխզիջման սեփական պատրաստակամությունը վկայում է բանակցային ուժեղ դիրքի, պարտադրանքին ենթարկվելը՝ թուլության մասին:

Նախորդ հոդվածը‘Նաստասյա Կինսկին՝ Մոսկովյան կինոփառատոնի ժյուրիի կազմում’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է’