‘
Դաշնակցությունը քաղաքական դիսկուրս բերեց «համազգային նախագահ» հասկացությունը: Սահմանադրությամբ պետության առաջին դեմքը կլինի վարչապետը: Այդ հարցում ՀՅԴ -ն ընդունում է իշխող ՀՀԿ առաջնայնությունը: Այսինքն՝ վարչապետի ընտրությունը թողնում է հանրապետականներին, բայց նախագահի դեպքում կարեւորում Սփյուռքի մասնակցությունը:
Հարց է ծագում՝ եթե ՀՅԴ-ի համար կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնի ամբողջ հայ ժողովրդին, ապա ինչու՞ է նա վարչապետի ընտրության հարցում զիջում դիրքերը: Չէ՞ որ խորհրդարանական կառավարման դեպքում հենց վարչապետն է իրականացնելու Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, նա է երկիրը ներկայացնելու միջազգային հարաբերություններում: Տպավորություն է, որ «համազգային նախագահի» գաղափարը շրջանառելով՝ դաշնակցությունը մի նպատակ է հետապնդում՝ քաղաքական «ֆուրոր» անել եւ հող նախապատրաստել կոալիցիայից հեռանալու համար: ՀՅԴ-ն, ըստ երեւույթին, ինչ-որ բան հասկացել է եւ չի ուզում ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել: Հնարավոր է, խոսքը Ղարաբաղին է վերաբերում: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը սպառել է ժամանակ ձգելու ռեսուրսները եւ առկա իրողությունների հաշվարկով մտադիր է գնալ լուրջ պայմանավորվածությունների: Խորհրդարանական կառավարման համակարգում լուծումների պատասխանատվությունը պետք է ստանձնի քաղաքական մեծամասնությունը, որի մաս է դաշնակցությունը: Բայց կարգավորումը հակասում է ՀՅԴ գաղափարախոսությանը: Առիթ է պետք, որպեսզի ՀՅԴ-ն վերստին մեկուսի դիրք բռնի: «Համազգային նախագահի» գաղափարի մերժումը կարող է դառնալ այդ առիթը: Խնդիրն այն է, թե հանրապետականը կփորձի՞ դաշնակցությանը պահել իր ուղեծրում, թե՞ ՀՀԿ-ին էլ մի առիթ է պետք, որպեսզի ձեւակերպի ՀՅԴ-ի հետ ապահարզանը:
Այս ամենը, սակայն, ենթադրությունների ոլորտից է: Բացառված չէ, որ դաշնակցությունը «համազգային նախագահի» դիսկուրսով պարզապես փորձում է հանրային որոշակի աջակցություն ստանալ՝ հուսալով, որ իր մոտեցումը կարժանանա որոշակի շրջանակների կատարյալ աջակցությանը: Եթե այդպես է, ապա դաշնակցության «ֆուրորն» իր նպատակին հասել է. ՀՅԴ հայտարարությունից արդեն ավելի քան մեկ շաբաթ է անցել, բայց որեւէ քաղաքական ուժ, հանրային խավ, նույնիսկ անհատ գործիչ դրան չի անդրադարձել: Ասել է թե՝ դաշնակցության խոսքը դարձել է ձայն բարբառո հանապատի: Իսկ դա արդեն մեծ հաջողություն է:
‘