‘
Սերժ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորող նոր փաստարկ է երեւան եկել: Առայժմ՝ սոցիալական ցանցերում, որտեղ մոտավորապես այս բովանդակության գրառումներ են արվում. «Գերմանիան դեմոկրատակա՞ն երկիր է: Մերկելը չորրորդ անընդմեջ ժամկետով վարչապետ դարձավ: Բան չենք ասում, չէ՞»:
Հասկանալի է՝ ինչ են ուզում ասել: Երեւի դրա համար է Սերժ Սարգսյանը շախմատի հավակնորդների մրցաշարն առիթ դարձրել եւ գնացել Բեռլին, որպեսզի Մերկելի օրինակը դառնա իր վարչապետության հիմնավորում: Այսինքն, եթե Գերմանիայում կարելի է չորս անգամ վարչապետ լինել, Հայաստանում ինչու՞ պաշտոնը թողնող Սերժ Սարգսյանը չպիտի վարչապետ նշանակվի:
Գերմանիայում պառլամենտի ընտրության ռեյտինգային կարգ չկա, ընտրողները քվեարկում են միայն կուսակցություններին: Գերմանիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունը նախապես հրապարակում է վարչապետի իր թեկնածուի անունը: Այսինքն՝ ընտրողը գիտի, որ քվեարկելով տվյալ կուսակցության օգտին՝ ինքը նպաստում է, որ նրա թեկնածուն չորս տարի գլխավորի կառավարությունը: Գերմանիայի պառլամենտական ընտրություններում ոչ մի կուսակցություն պատգամավորական մանդատների կեսից ավելին չի ստանում եւ չի կարող ասել. «Մենք մեծամասնություն ենք, ում ուզենանք՝ վարչապետ կկարգենք»: Գերմանիայում Մերկելը կանցլեր է ընտրվել պառլամենտական ընտրություններից ամիսներ անց՝ միջկուսակցական բանակցությունների արդյունքում կազմավորված կոալիցիայի միջոցով:
Հայաստանում պառլամենտական ընտրություններ անցկացվել են մեկ տարի առաջ, եւ ՀՀԿ-ն չի հայտարարել, որ ապագա վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: ՀՀԿ-ի ընտրարշավը գլխավորել է Կարեն Կարապետյանը: Եւ դեռ հարց է՝ հանրապետականը քանի՞ քվե կունենար, եթե նախապես ասեր, որ մի տարի անց վարչապետ է լինելու Սերժ Սարգսյանը: Փաստացի՝ տեղի է ունեցել քաղաքական նենգափոխում՝ հանրապետականն ընտրությունների է գնացել Կարեն Կարապետյանի իմիջով, այսօր առաջ է մղում Սերժ Սարգսյանին: Ասել է թե՝ խաբել է ընտրողներին եւ ողջ հանրությանը:
Ահա Մերկելի եւ Սերժ Սարգսյանի միջեւ տարբերությունը, որ ՀՀԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ հազիվ թե խոստովանի: Ինչքան էլ Սերժ Սարգսյանը մաշի Բեռլինի ճանապարհը:
‘