‘
Մամուլում դարձյալ խոսվում է, որ «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքը հրատապ չէ, ժամանակավրեպ է: Վերստին հիշատակվում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը, 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ քարոզչությունը:
Հարց է առաջանում. եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը հանրային աջակցություն չունի, ՀԱԿ-ը «մարգինալացել է», ինչպես պնդում են, ի՞նչ կարիք կա անդրադառնալու քսանամյա վաղեմության մի հոդվածի կամ առհասարակ քննարկել պատերազմի եւ խաղաղության թեման: Չէ՞ որ հարցի արծարծումն ինքնին վկայում է դրա արդիականության մասին:
Կյանքում, իսկ քաղաքականության մեջ՝ հատկապես, մոռացվածներին չեն անդրադառնում: Հայաստանի եւ Արցախի համար, իրոք, պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը շարունակում է մնալ օրակարգում: 2016-ի ապրիլյան էսկալացիան ցույց տվեց, որ պատերազմի կանխման մեխանիզմներ գոյություն չունեն: Ադրբեջանի համար զսպիչ չէ նաեւ կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը: Բաքվում համարում են, որ այն միշտ էլ հնարավոր է հօգուտ իրենց փոխել եւ անցնել լուծման ուժային տարբերակին: Խոսակցությունները, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների մեծացումը եւ շփման գծում հրադադարը վերահսկող սարքավորումների տեղադրումը կկանխեն պատերազմի վտանգը, միայն ցանկություն են: Գործնականում Ադրբեջանը պատրաստ է անցնել «կարմիր գիծը», միջազգայնորեն ճանաչվել պատերազմի հրձիգ՝ միայն թե համոզված լինի, որ կհասնի հաջողության:
Տեսականում, ինչ խոսք, պատերազմը երկու կողմերի համար է հնարավորություն, բայց իրականում նրանցից մեկն է դառնում հաղթող: Պատերազմի ելքը ոչ ոք ի զորու չէ գուշակել, այդ իսկ պատճառով էլ այն հնարավորինս հետաձգվում է: Գաղտնիքն, ահա, շարունակվող ստատուս-քվոյի մեջ է, նրանում, թե ի՞նչ է այն կողմերից յուրաքանչյուրին տալիս: Այստեղ արդեն պետք է զինվել միայն եւ միայն փաստերով: Անցած քսանչորս տարում, օրինակ, Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են մի քանի անգամ: Հետեւաբար՝ նույնքան էլ աճել են այդ երկրի եկամուտները: Ադրբեջանի բնակչությունը երեք միլիոնով ավելացել է: Ադրբեջանը կառուցել է Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազամուղը, Բաքու-Կարս երկաթուղին: Ընթացքի մեջ է «Հարավային գազային միջանցք» ծրագիրը, մոտ ապագայում ադրբեջանական եւ իրանական երկաթուղիները կմիանան, եւ կգործի «Հարավ-հյուսիս» տրանսպորտային միջանցքը, որով Հնդկաստանից բեռները կհասցվեն Եվրոպա:
Նույն ժամանակահատվածում ինչի է հասել Հայաստանը՝ պատկերը նույնիսկ սփոփիչ չէ: Եւ որքան էլ խոսվի ներքին չօգտագործված հնարավորություններից կամ իշխանության որակներից, մի բան պարզ է՝ շրջափակման եւ մեկուսացվածության պայմաններում տնտեսական թռիչքը բացառվում է:
Եւ եթե պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը հանրայնորեն պահանջված չէ, հրատապ չէ, ժամանակավրեպ է ու մարգինալ, ապա ո՞րն է պահանջվածը, արդիականը եւ ուղենշայինը: Այս հարցին փաստարկված եւ քաղաքագիտորեն հիմնավորված պատասխան չկա:
‘