‘Վահան Թումանյան. Հայկական ստատուս-քվո’

15766

‘

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այն ընթացել է երկու փուլով, նախ՝ միջնորդների մասնակցությամբ, ապա՝ դեմ առ դեմ ձեւաչափով: Քննարկվել են երկու երկրների նախագահների միջեւ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները: Կողմերը պայմանավորվել են եկող տարեսկզբին նոր հանդիպման եւ համանախագահների տարածաշրջանային հաջորդ այցի մասին: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը բանակցությունները գնահատել է «կառուցողական եւ առարկայական»: Նա ասել է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա 2018թ. հունվարի երկրորդ կեսին: Բանակցությունների վայրը դեռեւս հայտնի չէ:

 Պաշտոնական տեղեկատվությունից հասկացվում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում դինամիկան առկա է: Ըստ երեւույթին, կողմերը քննարկում են ինչ-որ առաջարկություններ, որոնց մանրամասնությունները դեռեւս չեն հրապարակվում: Տեղեկություն կա, որ Ադրբեջանը համաձայնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի նոր ֆինանսավորմանը: Դա նշանակում է, որ եկող տարի կավելանա մոնիթորինգային խմբի թվաքանակը, ինչը ենթադրում է շփման գծում դիտարկումների ավելացում: Ամենայն հավանականությամբ, դա արվում է բուն բանակցությունների համար նպաստավոր ֆոն ստեղծելու նպատակով:

Այս ամենի համատեքստում արտառոց է թվում, որ հայրենական մամուլի որոշ միջոցներ գեներացնում են «ստատուս-քվոն ամրապնդելու հարցում միջազգային կոնսենսուսի» գաղափարը՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններ չեն ընթանում, ամեն ինչ տանում է «իրավիճակի սառեցմանը»: Հայաստանի իշխանությունը, կարծես, խուսափում է խոստովանել, որ Ղարաբաղի հարցում գնում է խաղաղության հասնելու ճանապարհով: Սա խոսում է իշխանության կողմից իր վստահության հանդեպ թերահավատության մասին: Հակառակ դեպքում նա հասարակությանը կուղղեր բաց մեսիջ, որ Ադրբեջանի հետ քննարկում է համապարփակ խաղաղության եւ հարաբերություններ կառուցելու հարցը, ոչ թե կթաքնվեր, այսպես ասած՝ «հայկական ստատուս-քվոյի» թղթի պատնեշից այն կողմ:

Իրականությունը մեկն է՝ Ղարաբաղի կարգավորման բանակցություններում կա ինտենսիվացում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները միայն հանդիպման համար չէ, որ հանդիպում են: Կարելի է ենթադրել, որ գործընթացը տանում է նրան, որ գարնանը, մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը, տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում, որը կարող է հանգրվանային լինել: «Հայկական ստատուս-քվոն» ներքին օգտագործման ապրանք է: Իրականում բանակցություններն ուղղված են «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ստատուս-քվոյի փոփոխությանը: Եւ դա պետք է ոչ թե թաքցնել հասարակությունից, այլ այդ մասին հայտարարել անկեղծորեն եւ գնալ ճեղքման:

‘

Նախորդ հոդվածը‘Երուսաղեմի կարգավիճակի մասին հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ն ապստամբության կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույցեր Հորդանանի Արևմտյան ափին, միջազգային արձագանքներ’