‘Վահան Թումանյան. Ղարաբաղի հայելապատկերը’

11654

Ադրբեջանում Ղարաբաղը ճանաչում են «օկուպացված», Հայաստանում` «ազատագրված»: Էպիտետները թվացյալ տարբեր են, բայց բնութագրումը նույնական է: Երկու դեպքում էլ Ղարաբաղը դիտվում է օբյեկտ, որը ենթարկվել է «օկուպացիայի» կամ «ազատագրման»: Սուբյեկտը չի կարող ինքն իրեն «օկուպացնել» կամ «ազատագրել»: Ադրբեջանի ստեղծած կլիշեն հասկանալի է, Բաքվում խնդիր ունեն ապացուցելու, որ Ղարաբաղը սեփական որոշում չի ընդունել, Հայաստանն է «ագրեսիայի դիմել, որպեսզի տերիտորիալ նվաճումներ ունենա»: Հայաստանում ասում են. «Ոչ, մենք Ղարաբաղը ազատագրել ենք»: Ասել է թե` կրկնում են Ադրբեջանին, որովհետեւ «ազատագրվածը» նույն «օկուպացվածն» է, այսինքն` օբյեկտը, որը մեկի տիրույթից անցել է մյուսին: Սա է Հայաստանի «հայրենասեր» իշխանության քսան տարվա «նվաճումը»:

Մինչեւ 1998 թվականը Ղարաբաղի հարցում ձեւավորված էր միակ ճիշտ եւ միջազգային իրավունքի նորմերին լիահունչ մոտեցում. «Հայաստանը կընդունի ցանկացած լուծում, որին կհամաձայնի Ղարաբաղը»: Այդ տեսակետը շեշտում էր, որ Ղարաբաղը Հայաստանից անկախ սուբյեկտ է, իր ստատուսի հարցով որոշում կայացնող կազմավորում: Միջազգային հարաբերություններում Հայաստանը ստանում էր մանեւրի մեծ դաշտ, Ղարաբաղի համար ստեղծում ինքնուրույն գործելու հնարավորություն: Հայաստանի նմանատիպ դիրքորոշումը թույլ էր տալիս միջազգային հարթակներում չեզոքացնել Ադրբեջանի նախաձեռնությունները: Պատերազմի ամենաթեժ պահերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում Ադրբեջանին չհաջողվեց Հայաստանին պարտադրող ոչ մի տող արձանագրել: Բայց երբ իշխանության եկան «հայրենասերները», վիճակը լրիվ փոխվեց, տարբեր կառույցներ Հայաստանին ուղղակի կամ անուղղակի «օկուպանտ» ճանաչող հայտարարություններ արեցին, ընդունվեցին խայտառակ բանաձեւեր:

Ներկա փուլում նույնպես Ղարաբաղը համարվում է օբյեկտ, որը վերջին պահին կտեղեկանա, թե ինչ են պայմանավորվել Հայաստանը եւ Ադրբեջանը: Այդ դեպքում Ղարաբաղի ստատուսի հարցը կդառնա Հայաստան-Ադրբեջան հետագա բանակցությունների թեմա: Ղարաբաղի բացակայությունը` որպես «օկուպացված» կամ «ազատագրված» օբյեկտի, թուլացնում է վերջնական կարգավորման լեգիտիմությունը, կոնսերվացնում կոնֆլիկտը: Պարադոքս է թվում, բայց միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղի «ազատագրումը» նույնական է նրա «օկուպացիայի» հետ: Ասել է թե` ինչքան շատ է խոսվում «ազատագրումից», այնքան մեծանում են Ղարաբաղը որպես «օկուպացված» ներկայացնելու Ադրբեջանի շանսերը: Այստեղ կապ չունի` «ազատագրումը» գիտակցված է այդպես ներկայացվում, թե` էմոցիայով:

Պետք է պարզ լինի, որ 1998 թվականից հետո Հայաստանի իշխանությունը դեգրադացվել է այնքան, որ լիովին կորցրել է իրականության պատկերացումը: Եւ այստեղ էլ տարբերություն չկա, երկու դեպքում էլ Ղարաբաղի «ազատագրման» թեզը, որ գործող պարտոկրատիան ժառանգություն է ստացել «վոին»-ականներից, գործում է ի վնաս Հայաստանի, հայ ժողովրդի շահերի: Այդ լոզունգը Հայաստանը դարձնում է Ադրբեջանի պատանդը, նրան հնարավորություն տալիս մերժել կարգավորման տարբերակները, պատմական պաուզա պահել, որպեսզի անհամեմատ թուլացած Հայաստանի հետ վերջում խոսի ուլտիմատումի լեզվով: Մենք չենք կարող փշրել Ղարաբաղի ադրբեջանական հայելապատկերը, բայց պարտավոր ենք դա անել Հայաստանում: Սա կլինի նաեւ Ղարաբաղի ադրբեջանական հայելապատկերի վերջը, որովհետեւ Ղարաբաղի հայաստանյան եւ ադրբեջանական հայելապատկերները սիամական երկվորյակ են, մեկի մահը նաեւ մյուսինն է: Այդ դեպքում Ղարաբաղը նորից կդառնա սուբյեկտ, եւ կարգավորումը կլինի խաղաղ, արդարացի, փոխզիջումային` դնելով երկու ժողովուրդների բարիդրացիության վերականգնման հիմքը: 

Նախորդ հոդվածը‘Մահրեզ. Ոչ մի ակումբի կողմից տրանսֆերային առաջարկ չեմ ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Ֆաբիո Կապելոն նոր ակումբ ունի’