‘Վահան Թումանյան. Մկան պոչին` ցախավել’

10110

Իշխանության մեդիա-ռեսուրսները սկսել են վարչապետից պերսոնա նոն-գրատա կերտել: Անցյալ տարի անցանկալին Հովիկ Աբրահամյանն էր, որին Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատեց «երրորդ սերնդի ռեֆորմացիային խոչընդոտելու» պատճառաբանությամբ: Հայտնի չէ, թե ռեֆորմատոր Կարապետյանը ում կամ ինչի է խանգարում, բայց արեւի լույսի պես պարզ է, որ նա 2018 թվականին կհեռացվի, եթե մինչ այդ կամավոր չհեռանա:

Կարապետյանի դեմ սեւ փիառը ծիծաղելի կլիներ (որովհետեւ ինչ վարչապետ էլ որ նշանակվի, տնտեսության վիճակը նույնն է մնալու, քանի դեռ Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը լուծված չեն), եթե իրավիճակը չլիներ ողբերգական: Որքան պիտի բարոյալքված լինի իշխանությունը, որպեսզի պառլամենտական ընտրություններից մեկ ամիս անց սկսի քլնգել այդ ընտրություններում իր համար քիչ թե շատ դրական իմիջ ստեղծած մարդուն:

Իշխող պարտոկրատիան խոսում է ակտուալ ծրագրերից, երկրի զարգացման հնարավորություններից, բայց ով կհավատա դրան, երբ ի տես հասարակության՝ ութ ամիս առաջ նշանակված վարչապետի շուրջ ինտրիգների ցանց է հյուսվում: Էլիտա կոչվածը բոլոր դիրքերից հարձակվում է Կարապետյանի վրա, իսկ «երրորդ սերնդի ռեֆորմները» մի տպավորություն են թողնում. ամեն ինչ արվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո սահուն տեղափոխվի եւ նստի վարչապետի աթոռին:

Երկիրն, այսպիսով, հայտնվել է մի իրավիճակում, որ բնութագրելի է «մկան պոչին` ցախավել» արտահայտությամբ: Հայաստանը դեգրադացվում է, իսկ էլիտա կոչվածը նրան մղում է կատարյալ փակուղու: Իշխանության կուլիսներում նյութվող ինտրիգները միայն մեծացնում են մարդկանց հիասթափությունը, թուլացնում նրանց հավատը, խթանում առանց այդ էլ ահագնացող արտագաղթը: Այս նեգատիվին գումարվում է նաեւ Ղարաբաղի հարցում երկակի կեցվածքը:

Սերժ Սարգսյանը խոսում է կազանյան փաստաթղթի այժմեականությունից, բայց նրան ենթակա մեդիան քարոզում է, որ ստատուս-քվոյի պահպանումն է «միակ ուղիղ ճանապարհը»: Իսկ հասարակությունը ո՛չ մեկին է հավատում, ո՛չ էլ մյուսին: Ժողովուրդը ձեռքը թափ է տվել եւ պետական գործերից մի կողմ քաշվել: Այդպես էր նաեւ բրեժնեւյան կառավարման վերջին տարիներին: Խորհրդային Միությունն ապոկալիպսիսի շեմին էր, բայց «պոչին ցախավել կապած»` հանդես էր գալիս որպես աշխարհում կարգ սահմանող երկիր:

Հիմա մենք ենք. գնալու, կես քայլ նահանջի տեղ այլեւս չունենք, բայց պարտոկրատիան փորձում է մարդկանց ներշնչել, որ իր «դեմ խաղ չկա», կարող է տարին երկու վարչապետ նշանակել-ազատել, մինչեւ Սերժ Սարգսյանը կավարտի նախագահության «փառավոր» տասնամյակը եւ պառլամենտական կառավարման համաձայն` որպես վարչապետ կշարունակի մնալ պետության առաջին դեմք:

Շատ հնարավոր է, որ այդպես էլ լինի, բայց դրանից ով է շահելու: Ժողովուրդը հաստատ կորցնում է: Ու շարունակելու է կորցնել, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և քանի դեռ պարտոկրատիան մսխում է Հայաստանում մնացած ռեսուրսների վերջին փշրանքները:

 

Նախորդ հոդվածը‘Հունիսի կենսաթոշակը՝ հունիսի 3-ից’
Հաջորդ հոդվածը‘Ռոլան Գարոս. Ջոկովիչը շարժվում է առաջ’