‘
Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայ-թուրքական հարաբերությունների մասով դաշնակցության մոտեցումը ներկայացրել է այսպես. «Մենք դեմ չենք ներկա սահմաններով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց չպետք է այնպիսի զիջում անենք, որը վերաբերում է սերունդների իրավունքին»:
Ի՞նչ է հասկացվում ասածից: Շատ պարզ մի բան, որը դաշնակցությունը փորձում է քողարկել բառախաղով. եկեք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատենք Հայաստանի ներկայիս սահմաններով, բայց չմոռանանք պատմական արդարության եւ պահանջատիրության մասին, թողնենք, որ այդ հարցը մնա եկող սերունդներին:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շատ պրիմիտիվ պատկերացում ունի միջազգային հարաբերություններից, քանի որ երբ երկու երկիր փոխադարձաբար ճանաչում են միմյանց սուվերենությունը եւ տարածքային սահմանները եւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, ապա համարվում է,որ նրանց միջեւ սկզբունքային տարաձայնությունները հարթված են: Այսինքն, այն պահին, երբ Հայաստանը եւ Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, պատմական արդարության եւ պահանջատիրության հարցը կհամարվի առմիշտ փակված: Հակառակը չի կարող լինել: Անպատկերացնելի է, որ Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ստեղծեն, հետո նստեն եւ քննարկեն Սեւրի պայմանագրով Հայաստանին «պատկանող» կամ Մոսկվայի պայմանագրով Թուրքիային անցած տարածքների հարցը: Այնպես որ՝ դաշնակցության մոտեցումը ոչ միայն խոցելի, այլեւ պարզապես անտրամաբանական եւ ոչ ռացիոնալ է: Մանավանդ այն առումով, որ եկող սերունդների ուսերին է բարդվում Թուրքիայի հետ «հաշիվներ պարզելու» դժվարին գործը: Վերջապես՝ ինչքա՞ն կարելի է հոլովել պահանջատիրության թեման: Աշխարհում չկա նախադեպ, երբ որեւէ ժողովուրդ մյուսից տարածքային հատուցում ստացած լինի: Հարկ է, որքան էլ որ դառը լինի, մեկընդմիշտ հասկանալ, որ Թուրքիան կամավոր Հայաստանին տարածք չի զիջելու, ինչպես նաեւ՝ որ աշխարհում չկա մի ուժ, ատյան, միջազգային կազմակերպություն, որը կարող է կամ ցանկություն կունենա նման պարտադրանք ներկայացնել Թուրքիային:
Եթե դաշնակցությունը հարցին այլ մոտեցում ունի, ապա իր խնդիրն է, կարող է, որպես կուսակցություն, իր սփյուռքյան եւ հայրենական կառույցների միջոցով շարունակել իր անդուլ պայքարը:
Բայց դաշնակցությանը ոչ ոք չի լիազորել հանդես գալու ողջ հայ ժողովրդի եւ Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության անունից: Այնպես որ, հրճվելու փոխարեն, որ «մենք ճիշտ դուրս եկանք, որովհետեւ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկվեցին», Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայով մտահոգ դաշնակցությունը պետք է Հայաստանի դիվանագիտական ձախողման համար ցավեր եւ փորձեր դրանում տեսնել նաեւ պատասխանատվության իր բաժինը: Այդ ժամանակ նա կլիներ լուրջ քաղաքական ուժ:
Հրանտ Մարգարյանի հեռուստահարցազրույցից, մինչդեռ, կայուն տպավորություն է ստեղծվում, որ ՀՅԴ քաղաքականությունն ինչպես եղել, այնպես էլ մնում է արկածախնդրական: Մեկ անգամ դա հայ ժողովրդին ցեղասպանություն եւ հայրենազրկում է արժեցել: Ողբերգությունը կամբողջանա, եթե առաջիկա տարիներին Հայաստանի իշխանությունը շարունակի տեղի տալ դաշնակցության «մի զիջիր» սպառնալիքին:
‘