‘
Նորերը չեն հիշի, հները երեւի մոռացած լինեն. Սովետմիության գլխավոր իդեոլոգն էր Միխայիլ Անդրեւեիչ Սուսլովը, որին ամերիկացիները գորշ կարդինալ էին կոչում: Ստալինից մինչեւ Բրեժնեւ` մոտ կես դար նա կոմկուսակցության գենսեկների համար ելույթներ եւ ճառեր էր գրում: Դրանք ավարտվում էին համաշխարհային պրոլետարական ռեւոլյուցիայի մոտալուտ հաղթանակի մասին հավաստիացումներով: Եթե աֆրիկյան կամ լատինաամերիկյան կամ ասիական երկրում բունտ էր լինում, Սուսլովն իսկույն տարփողում էր, որ տեղի է ունեցել սոցիալիստական մեծ ռեւոլյուցիա: Նա պետական հեղաշրջումների եւ սոցիալական բունտերի հաշվետար էր:
Սուսլովի սկզբունքով է առաջնորդվում նժդեհական պարտոկրատիան: Երբ մի երկրի ֆեդերալ կամ նահանգային պառլամենտ ցեղասպանությունը եւ քսենոֆոբիան դատապարտող դեկլարացիա է ընդունում, Հայաստանի պարտոկրատիան իսկույն բացում է գրանցամատյանը եւ «երկաթագիր» տառերով արձանագրում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար իր անդուլ պայքարի հերթական նվաճումը: «Մենք շարունակելու ենք ցեղասպանության եւ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար պայքարը», — հայտարարել է պարտոկրատիայի հայաստանյան «Սուսլովը»:
Աֆրիկյան, լատինաամերիկյան, ասիական երկրներում բունտ եւ պետական հեղաշրջում տեղի էին ունենում դեկոլոնիզացիայի սխեմայով: Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները դա արել են իրենց շահերից ելնելով: Հայաստանի «անդուլ պայքարն» այստեղ ոչ մի դեր չունի: Այլապես ցեղասպանությունը կճանաչեր նաեւ Թուրքիան, որի դեմ է հիմնականում նժդեհականների եւ ընկերփանջունիականների պայքարը:
«Սոցիալիստական հեղափոխություններում» սովետական պարտոկրատիայի դերը պոլիտբյուրոյականներին պետք էր, որովհետեւ պետության գանձարանից ահռելի գումարներ էին հատկացվում: «Պարտիայի ոսկիների» գաղտնիքը մինչ օրս բացված չէ: Նույնը` ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի դեպքում է: Հայ ժողովրդից հանգանակած կամ մեծահարուստներից էքսպրոպրիացիայով գրպանած գումարները որտեղ եւ ինչպես են ծախսվում` հազար փակի տակ առնված գաղտնիք է, իսկ ոչինչ չասող, Թուրքիային ոչինչ չպարտադրող դեկլարացիաների տված օգուտը` չնչին: Այդ թվում եւ` քաղաքական առումով:
Եթե Սովետմիությունը չմերժեր կոնվերգենցիայի` երկու սիստեմների համակեցության եւ փոխներթափանցման թեորիան, համաշխարհային պատմությունը, գուցե, վերջին քառորդ դարում այլ ընթացք կունենար: Խանգարեցին Սուսլովը եւ հեղափոխական մարքսիզմ-լենինիզմի մյուս կատեգորիկ ապոլոգետները: Եթե նժդեհական պարտոկրատիան իր էներգիան եւ հայությունից գոյացող կապիտալը կենտրոնացնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ապա ցեղասպանության ճանաչման հարցը կդրվի իրական քաղաքականության պլատֆորմի վրա, եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը դրանից ավելի կշահեն:
Սովետական պարտոկրատիան երկիրը տարավ ապոկալիպսիսի: Նժդեհա-փանջունիական պարտոկրատիան ուր է տանում Հայաստանը` բոլորի եւ յուրաքանչյուրիս հարցը պիտի լինի: Մենք ուլտրաազգայնական խաղերին զոհաբերելու հայրենիք չունենք:
‘