‘
Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ստեփանակերտ եւ Բակո Սահակյանի հետ բանակցությունները բավական արդյունավետ է գնահատել: Նա մամուլին տեղեկացրել է, որ Բակո Սահակյանի հետ համանախագահները քննարկել են ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցեր: Դավիթ Բաբայանը շեշտել է, որ բանակցությունները երկու հարթություն են ունեցել: «Դրանցից մեկը հակամարտության բուն կարգավորումն է»,- պարզաբանել է նա: Իսկ երկրորդ հարթությունում քննարկվել են «խնդիրներ, որոնք առնչվում են շփման գծում խաղաղության եւ կայունության պահպանման հարցերին»:
Սույն մեկնաբանությունն անակնկալ է: Հայաստանի նժդեհափանջունիական պարտոկրատիան անցյալ տարվա ապրիլյան էսկալացիայից հետո միատոն համառությամբ պնդում է, որ Ղարաբաղի կարգավորման թեմատիկան Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի ու արտգործնախարարների մոսկովյան հանդիպումներում չի շոշափվել, իսկ նրա կողմից անգաժավորված քաղտեխնոլոգները ճգնում են հասարակությանը համոզել, որ Սերժ Սարգսյանը նախապայմաններ է առաջ քաշել, մինչեւ դրանք Ադրբեջանի կողմից չկատարվեն, կամ համանախագահները չպարտադրեն, որ կատարի, Հայաստանը հրաժարվում է քաղաքական պրոբլեմատիկայի քննարկումից:
Պարզվում է, որ Բակո Սահակյանը եւ համանախագահները քննարկել են «բուն կարգավորումը»: Ասել է թե` Ստեփանակերտում միջնորդները եւ Ղարաբաղի նախագահը խոսել են կարգավորման մասին: Դա նշանակում է, որ համանախագահները Բակո Սահակյանին ինչ-որ գաղափարներ են ներկայացրել, լսել նրան եւ համապատասխան եզրակացության եկել: Դրանից չի հետեւում, թե հունիսի 12-ին Ստեփանակերտում տրվել է Ղարաբաղի հակամարտության լուծման մեկնարկը: Բայց որ «բուն կարգավորումը» դարձել է բանակցությունների թեմա, նշանակում է, որ հայկական կողմերը, չնայած տեղեկատվական հռետորաբանությանը, գտնվում են քաղաքական քննարկումների ռեժիմում:
Հետեւաբար, հակամարտության գոտում մոնիթորինգի, հետաքննությունների մեխանիզմի ներդրման եւ մյուս տեխնիկական հարցերը դիտվում են առաջին թեմատիկայի համատեքստում: Կամ` ընդհակառակը: Սկզբունքորեն՝ դա նույն բանն է, մի թեմատիկան պայմանավորված է մյուսով: Դրանցից մեկը մյուսի հադեպ դոմինանտ չէ: Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարի պարզաբանումից այդպես է հասկացվում: Ֆանտաստիկ կլիներ պատկերացնել, որ համանախագահները Բակո Սահակյանի հետ քննարկել են «բուն կարգավորումը», իսկ Սերժ Սարգսյանի հետ` ոչ: Ասել է թե` Երեւանում նույնպես բանակցությունները երկու հարթություն են ունեցել` քաղաքական կարգավորման եւ դրա ռազմատեխնիկական ապահովության: Այդ մասին Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի խոսում, իսկ Դավիթ Բաբայանը չի թաքցրել իրականությունը:
Նա սայթաքել է կամ կանխամտածված է տեղեկատվության արտահոսք թույլ տվել, թե գործել պայմանավորվածությունների սահմաններում` երկրորդական-երրորդական կարգի մանրուքներ են: Հիմնականը, որի մասին դեկտեմբերի 18-ի ելույթում որպես կանխատեսում ասել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բացահայտված է` Ղարաբաղի կարգավորման բանակցությունները երբեք չեն դադարել, ընթանում են նաեւ այսօր, իսկ սեղանին մի փաստաթուղթ է, որը կազմված է «տարածքներ` Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ միջանկյալ ստատուսի դիմաց» սկզբունքով:
‘