‘Վահան Վարդապետյան. ՀԱԿ-ը այն հավաքականությունն է, որտեղից ոտքը դուրս դնողը դառնում է քաղաքական դիակ’

3028

«ՀԱԿ առաջնորդը առաջին հայացքից տեսական թվացող ելույթ ունեցավ ՀՀՇ համագումարում, բայց այդ ելույթը խիստ գործնական ելույթ էր, հատկապես այն ուղղված էր վերջին մեկուկես տարվա ընթացքում իրենց քաղաքական գործիչ անվանող, բայց իրականում գործակալական ցանցը սպասարկող անհատներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահան Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ առաջնորդի ելույթից հետո շատ մարդիկ են իրենց վրա վերցրել նրա խոսքերը, երկպառակությունների ու անհեռատեսության մեղադրանքները:

«Այդ մարդիկ ժողովրդի աչքերի մեջ նայելու իրավունք չունեն: Այո, ովքեր դուրս են եկել ՀԱԿ-ից, վերջ նրանց, վերջ: Անուններ մի թվարկեք ու թույլ տեղերի մի խփեք»,- ասաց Վահան Վարդապետյանը: ԳԱԼԱ-ի այն հարցին՝ ովքե՞ր են այդ մարդիկ, Վահան Վարդապետյանը չմանրամասնեց: Նրա խոսքով՝ դրանք այն մարդիկ էին, որոնք ինքնահրկիզվելով, ինքնասպանություն գործելու գնով՝ գործում էին, միայն թե վնասեն Կոնգրեսին:

«Բայց իրենք ոչնչացան: Ուրեմն իմացեք, ՀԱԿ-ը դա այն հավաքականությունն է, այն տեղն է, ով այնտեղից ոտքը դուրս դրեց, նա ոչնչանում է, դառնում է քաղաքական դիակ: ՀԱԿ-ի իսկական պոտենցիալը դուք դեռ կտեսնեք: ՀԱԿ-ն ունի այնպիսի առաջնորդ, որ որևէ քաղաքական ուժ, որևէ կազմակերպություն, որևէ խավ չի կարող այդպիսի պայծառ լիդեր ունենալ: ՀԱԿ առաջնորդն անվիճարկելի առավելություններ ունի իր մտավոր ու դիվանագիտական կարողություններով, իր անցած ճանապարհով: Լևոն Տեր-Պետրոսյանը եթե քաղաքական դաշտը թողեց, այն վերածվելու է անբարոյականության, հոգեկան հիվանդների դաշտի»,- ասաց ՀԱԿ անդամը՝ հավելելով, որ ամեն ինչ դեռ վերջացած չէ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ քաղաքականության մեջ է:

Նրա խոսքով՝ ստեղծված քաղաքական իրավիճակի արգասիքները շուտով բոլորն են տեսնելու: Ըստ Վ.Վարդապետյանի, նրանք, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրել նախագահական ընտրություններում, նրանք այդքան հետաքրքրություն չեն ներկայացնում և չեն քննարկվում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը մեծ աղմուկ է բարձրացրել:

«Տեսեք թե ինչ հրաշալի խոսքեր են ասվում ՀԱԿ առաջնորդի հասցեին ու ինչ մեծ գնահատականներ են տրվում նրան, հատկապես երիտասարդության կողմից: Դա ամենացցուն ապացույցն է այն բանի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է ամենապահանջված քաղաքական գործիչը: ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդը մի միտք հայտնեց, որ եթե Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի, ապա ինքը կվերադառնա: Ուրեմն իմացեք, քանի դեռ Հայաստանում առկա է ոչ լեգիտիմություն ու ոչ օրինականություն, այդ ֆորս-մաժորային իրավիճակը միշտ էլ լինելու է: Լևոն Տեր-Պետրոսյան լիդերի պահանջը դեռ կա ու դեռ կավելանա»,- զրույցը եզրափակեց Վահան Վարդապետյանը:

Մելանյա Մելքումյան

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանը ավելի լավ կանի մտածի իր պարտականությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘Հռոմում Ադրիանոսի ժամանակաշրջանի ընթերցասրահ են հայտնաբերել ‘