‘Վահան Վարդապետյան. Ոչ օրինակարգությունը մեր բոլոր դժբախտությունների պատճառն է’

3937

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանը

Պարոն Վարդապետյան, որպես մտավորականի՝ կուզեի ձեզանից իմանալ` ո՞ւր են այսօր մտավորականները, ինչո՞ւ չի լսվում նրանց ձայնը: Չէ՞ որ 1988թ. համազգային շարժումը եւ շարժման առաջամարտիկ համարվող «Ղարաբաղ» կոմիտեն հենց  մտավորականներն էին ղեկավարում:

— Ո՞վ է այսօր մտավորականը, եւ ո՞ւմ նկատի ունեք` շքանշաններից, պարգեւներից չհագեցած, կոչումներից ու տիտղոսներից փառավորված անվանիների՞ն` վաստակավոր, ժողովրդական, պրոֆեսոր ու ակադեմիկոս: Իսկ ե՞րբ է լսվել նրանց ձայնը, նրանք վաղուց հարմարված են ու լուռ: Լռել են անգամ մարտի 1-ի սպանդից հետո: Հարյուրավոր քաղբանտարկյալներ ունենալու փաստը նրանց չի անհանգստացրել, անգամ իշխանությանն են փորձել արդարացնել: Ինձ համար այդպիսիք երբեք մտավորական չեն եղել: Այս որակի իշխանությանն աջակցողը, այսպիսի իշխանություն հանդուրժողը դադարել է մտավորական լինել: Դժվար ժամանակներ են, իրենց ուրացել են, ուրացողների իշխանություն ձեւավորել եւ մնացածին էլ պարտադրում են ուրանալ:

Բայց հիշեք, թե Համաժողովրդական շարժման մեջ ինչ նվիրյալ մտավորականներ էին համախմբված` Օհան Դուրյան, Ռաֆայել Ղազարյան, Արաքս Դավթյան, Այդին Մորիկյան… Իրական մտավորականներին փնտրեք Հայ Ազգային Կոնգրեսի կազմում ու նրա համակիրների շրջանում: ՀԱԿ-ը մտավորականների քաղաքական ուժ է: Հատուկ ընդծում եմ, որ 2008թ. Համաժողովրդական շարժման ու ՀԱԿ-ի առաջնորդը մեր երկրի թիվ 1 մտավորականն է:

— Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դեգերումներին:

— Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դեգերումները մեկ նպատակ են հետապնդել` ապահովել ոչ օրինակարգ, խոցելի իշխանության արտաքին աջակցությունը: Խոստովանենք, որ դա հաջողվել է, բայց ի՞նչ գնով ու ի՞նչ խայտառակ արդյունքներով: Արտաքին աջակցություն ստանալու եւ իշխանությունն ամրապնդելու նպատակով, իրոք, Սերժ Սարգսյանը վարել է ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականություն: Ի սկզբանե չեմ հավատացել, որ սեփական ժողովրդի տարբեր հատվածների միջեւ սահմաններ, պատնեշներ դնող իշխանությունը հայ-թուրքական սահման է բացելու: Արդյունքում՝ հայ-թուրքական սահմանն ավելի ամուր է փակված, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ գրեթե կասեցված, հայ-թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարով էլ արդեն իսկ ոտնահարված է ազգային արժանապատվությունը:

Ինձ համար նույնքան ծիծաղելի վիճակում են եղել նրանք, ովքեր հավատացել ու ներշնչվել էին, թե Ս.Սարգսյանը երկիրը տանում է դեպի ԵՄ: Արեւմտյան արժեքները վերացնելո՞վ, իրական ժողովրդավարությունն ու ընտրական գործընթացները բռնաբարելո՞վ էր Ս.Սարգսյանը ձեզ դեպի Եվրոպա տանում: Տարա՛վ:

Իսկ Եվրոպան հավատում էր, որովհետեւ այնպիսի հզոր աջակցություն էր ցուցաբերել նրա իշխանության պահպանման հարցում: Աջակցության դիմաց Եվրոպան վստահ էր, պրեսկոտների Եվրոպան:

Բազմաթիվ երկրներում ժողովրդական ալիքը հզորանում էր արտաքին աջակցության շնորհիվ, իսկ Հայաստանում, հիշե՛ք, ինչպես էր հզոր համաժողովրդական շարժումը դաժանորեն զսպվում, ինչպիսի արտաքին աջակցություն էր ստանում ոչ օրինակարգ իշխանությունը: Եթե Ս.Սարգսյանը Եվրամիության հետ ինտեգրվելու գործընթաց է նախաձեռնում, ուրեմն ավելի ենք հեռանալու Եվրոպայից էլ, եվրոպական արժեքներից էլ: Եթե այս իշխանությունն է Մաքսային միություն մուտք գործելու պայմանագիր ստորագրում, ուրեմն վատթարանալու են հարաբերությունները նաեւ ՌԴ-ի հետ:

— Տեսակետ կա, որ այս քայլին Ս.Սարգսյանը գնաց ճնշումների տակ եւ առաջին հերթին՝ իշխանությունը երկարաձգելու համար:

— Ո՞ր իշխանությունն է ավելի ենթակա ճնշումների, ո՞ր կողմի ճնշումն էր վտանգավոր Ս.Սարգսյանի իշխանության համար: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ նա գերադասել է քառամյա եվրոպական դեգերումներից հետո մտնել ՄՄ: Ոչ օրինակարգ իշխանությանը ցանկացած պահի կարող են դեմ տալ ու պահանջել` կա՛մ-կա՛մ: Ոչ օրինակարգությունը մեր բոլոր դժբախտությունների, արտագաղթի գլխավոր պատճառն է: Ավելին, այն կարող է դառնալ երկրի անկախության ու պետականության կորստի պատճառ:

— Ո՞ր ուղղությունն եք նախընտրելի համարում` դեպի եվրոասոցացո՞ւմ, թե՞ մաքսային  միություն:

— Ս.Սարգսյանի իշխանությունը ո՞ւր կարող է մեզ տանել, կամ ո՞ր ուղղությունն է նախընտրելի՝ սխալ հարցադում է. մահամերձ հիվանդին պետք է բուժել եւ ոտքի կանգնեցնել, այլ ոչ թե քննարկել` եվրոպակա՞ն, թե՞ ռուսական հագուստ հագցնել: Այս իշխանության հետ ոչ մի ուղղությամբ էլ չես գնա՝ բացի վերջնական կործանումից: Մենք պետք է կենտրոնանանք մեր ներքին խնդիրների լուծման վրա: Օրակարգի թիվ մեկ խնդիրը իշխանափոխությունն ու օրինակարգ իշխանության հաստատումն է: Արժանապատիվ գործընկերային հարաբերություններ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ կարող է հաստատել միայն ժողովրդի վստահությունը վայելող օրինակարգ իշխանությունը:

— Այնպիսի տպավորություն է, որ հասարակությունը հարմարվել է այս ամենին, անտարբեր դարձել: Համամի՞տ եք, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, որպես բժիշկ, ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա հասարակության, ինչպես նաեւ՝ իշխանության ու ընդդիմության հոգեվիճակը:

— Համաձայն չեմ, թե հասարակությունը հարմարված է ու համակերպված: Ե՞րբ է թողնում իշխանությունը, որ հասարակությունը «հարմարվի»: Ամեն ինչ անում է` հասարակական դժգոհությունը գագաթնակետի հասցնելու: Իշխանությունը համառորեն հասունացնում է հեղափոխական իրավիճակ. թվացյալ անդորր է՝ ամպրոպից առաջ:

Հասարակությունն ամբողջապես հոգնած է: Մեր ժողովուրդը տուժել է նաեւ որակապես. առկա են լարվածություն, չարություն, նախանձ, ագրեսիա, ցրվածություն:

Իշխանությունն անհուսալիորեն անպտուղ է ու ասոցացվում է մեռելոցային ու օֆշորային կառավարությանը: Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի, նամանավանդ՝ արտաքին աջակցությունից զրկվելու դեպքում:

Համառ ու երկարատեւ պայքարից դեռեւս գոհացուցիչ արդյունքների չհասած՝ հյուծվել է իրական ընդդիմությունը, առայժմ՝ հարաբերական հանգստի վիճակում, բայց ավելի մաքրված, բյուրեղացած ու հեռանկարային: Համաժողովրդական շարժման տարիներին վերացել էր կեղծ ընդդիմությունը: Շարժման պառակտումով իշխանությանը հաջողվեց մեծագույն ջանքերի շնորհիվ լրացնել այդ պակասը: Տարբեր մոտիվացիաներով` իբր գաղափարական, իբր աշխարհաքաղաքական, իբր մարտավարական (կտրուկ գործողությունների չդիմելու համար քննադատում էին ՀԱԿ-ին), Կոնգրեսից պոկվածները տարբեր ծառայություններ մատուցեցին Ս.Սարգսյանի իշխանությանը սպասարկելուն: Թեեւ նրանք այսօր էլ չկան, առավել եւս՝ իրական պայքար վերսկսելու դեպքում գոլորշիանալու են մեկ րոպեում:

Շատերին թվում է, թե ՌԴ-ի դեմ կտրուկ, վտանգավոր արտահայտություններով դառնում է թունդ «արեւմտամետ» եւ հակառակը: «ՌԴ-ի հետ ճանապարհ չունենք անցնելու». տգետ եւ վտանգավոր արտահայտություն է: Ոչ միայն ՌԴ-ի, այլեւ` Թուրքիայի, Ադրբեջանի ու մնացածի հետ էլ մենք ճանապարհ ունենք անցնելու, արժանապատվորեն անցնելու հարատեւ ճանապարհ:

ՄՄ-ին անդամակցելու լուրը շատ ծանր չտարան մեր թունդ արեւմտամետները. ո՛չ մի քայլ, ո՛չ մի բողոք: Ոմանք անգամ արդարացան, թե աջակցելու են Ս.Սարգսյանին` կարծելով, թե երկիրը տանում է դեպի ԵՄ:

— Այնուամենայնիվ, արդյո՞ք իշխանափոխության հասնելու հարցում կարեւոր չէ արտաքին աջակցությունը:

— Բազմաթիվ դեպքերում իշխանափոխության հարցում արտաքին աջակցության դերը եղել է նպաստող՝ խրախուսողից մինչեւ անգամ էական ու որոշիչ: Որքան էլ Հայաստանում իշխանափոխությունն օրհասական է դարձել, ինձ համար ընդունելի չէ արտաքին աջակցությամբ անգամ ավազակապետական իշխանության հեռացումը: Ես չեմ լինի արտաքին ուժի խամաճիկը համարվող որեւէ կառույցի ներկայացուցիչ: Մերժում ու վտանգավոր եմ համարում արտաքին ուժերի ուղղորդմամբ սեփական երկիրը կառավարելու կործանարար քաղաքականությունը: Մեր տիպի կառույցի համար, որի կոչումն է հայաստանակենտրոն լինելը, արտաքին աջակցությունն իշխանության զրկվելն է արտաքին աջակցությունից: Համաժողովրդական պայքարը նոր թափ է առնելու իշխանության արտաքին աջակցության սպառման հետ: Հրաշալի ձեւակերպված է մեր սկզբունքային դիրքորոշումը` ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ արեւմտամետ, ուղղակի չպե՛տք է լինենք ոչ հակառուս, ոչ հակաեվրոպացի:

— Դուք բավական սուր քննադատում եք իշխանություններին, իսկ երկրում ստեղծված իրավիճակի համար արդյոք «մեղավոր» չէ՞ նաեւ ընդդիմությունը: Եվ որպես ընդդիմադիր գործիչ, Ձեր կարծիքով, ո՞րն է այսօրվա իրավիճակից դուրս գալու ելքը:

— Քանի դեռ իշխանափոխություն իրականացված չէ, ու սահմանադրական կարգը վերականգնված չէ, մեղավոր ենք մեր եւ բոլորի փոխարեն: Մեղավոր էլ լինելու ենք, քանի դեռ չենք ծավալել հաղթանակող համաժողովրդական շարժում: Ով չէր մասնակցում 2008թ. համաժողովրդական շարժմանը, անտարբեր էր ու հեռու քաշված, այսօր իր մաշկի վրա է զգում չարիքի մետաստազների տարածումն ամենուր, ավազակապետությունը մուտք է գործել յուրաքանչյուր բակ, փողոց ու տուն:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն աննախադեպ թուլացրեց ավազակապետությունը, վերջինս էլ, իր հերթին, միգուցե եւ ավելի խարխլեց պետականությունը, վտանգեց անկախությունը, բզկտեց համաժողովրդական շարժումը:

Եթե չկայանա ընդդիմադիր շարժումը, ապա պետականության փլուզումն անխուսափելի է, հակառակ դեպքում անխուսափելի է ավազակապետության փլուզումը: Ուստի, յուրաքանչյուր պայքարող քաղաքացի, քաղաքական ուժ ու քաղաքացիական խմբավորում պարտավոր է նպաստել համաժողովրդական շարժման կայացմանը: Հասարակությունը վերջնականապես համոզվեց, որ այս իշխանության հետ շարունակել չի կարող, համոզվեց բավական ուշացումով: Հասարակությունը դարձյալ շատ ուշացումով համոզվեց, որ շարժում ձեւավորել ու առաջնորդել չի կարող անգամ կես միլիոնից ավելի ձայներ հավաքած անձը: Եթե հասարակությունն իր գերակշիռ մեծամասնությամբ գիտակցի, որ շարժում ձեւավորել ու առաջնորդել ունակ է բոլորիս հայտնի միակ անհատականությունը, ապա ավելի շուտ կհասնենք հաղթանակի:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. Մեսսին լաց էր լինում Գերմանիայից կրած պարտությունից հետո’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի արձագանքը Զորի Բալայանի նամակին’