‘
Այսօր Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
Խորհրդի փակ, գաղտնի քվեարկության արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրեն:
Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է:
‘