‘Վահե Գրիգորյան. Ինքնիշխանության նվազման հիվանդության բուժումը հենց այս միջոցի գործադրմամբ է սկսվելու’

3567

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքում գրում է.

«Հայաստանում ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակելու հայտարարություն է հրապարակվել:

Նկատել եք, չէ՞:

Եթե այն ի կատար ածվեց, ապա կարո՞ղ եք նշել մեր պետության ներքաղաքական կյանքում երբեւէ նման մասշտաբի եւ պոտենցիալի փոփոխություն:

Գիտեմ, որ շատերը կայուն հուսահատության ընթացքում են ընտրական մեխանիզմների եւ դրանց անարդյունավետության, կարելի է ասել, չգոյության պատճառով:

Բայց այս վերջինների հիմնական պատճառներից մեկն էլ հենց այդ՝ իշխանությունն իրականացնող ժողովրդի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթի բացակայությունն է եղել:

Սրան մանրամասն կանդրադառնամ մոտ ժամանակներս (շատ եմ ցավում, որ հենց այս՝ Հայաստանի ժողովրդավարության համար հեղափոխական փոփոխության ժամանակ, առանց չափազանցելու՝ ժամանակս չի ներում սրա մասին ավելի մանրամասն գրել): Սրա իրավական, սոցիալական եւ քաղաքական ազդեցությունը խորը վերլուծությունների կարիք ունի դեռ: Սակայն, մի բան հստակ է: Ասեմ պատկերավոր՝ տեխնիկական ձանձրալի լեզվով չհոգնեցնելու համար. ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը նույնն է, թե տասնամյակներ շարունակ փակ պահած սենյակի լուսամուտները օրը ցերեկով բացես: Խավարասերները հենց միայն լույսից՝ ինֆորմացիայի հրապարակայնացումից են սկսելու խուճապի մատնվել:

Ցուցակների հրապարակումն, ինքնին, ընտրակեղծիքների բացառման երաշխիք չի լինելու: Սակայն, ամենամեղմ գնահատմամբ, այս միջոցը ընտրակեղծարարներին իրենց ցանկացած արդյունքը ստանալու (ինչին միշտ հասել են՝ գրեթե երաշխավորված) երաշխիքից զրկել է նշանակում: Սա չի նշանակում, որ ընտրակեղծիքներ այլեւս չեն լինի: Բայց սա նշանակում է, որ ընտրակեղծարարների համար իրենց նպատակին հասնելն այլեւս երաշխավորված չէ:

Կարճ ասեմ՝ հետագայում մանրամասնելու խոստումով:

Հայաստանում 1996թ.-ից ի վեր առաջին անգամ բացառապես ներքին ռեսուրսի հաշվին (իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակության մի հատված) տեղի է ունենում հեղափոխական ռեֆորմ՝ (1) հակառակ մինչ այս միջազգային հանրության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽ Վենետիկի հանձնաժողով) կողմից մշտապես այդ միջոցի նկատմամբ արտահայտված բացասական դիրքորոշման եւ (2) հակառակ նախորդ մեկուկես տասնամյակում իշխանության կողմից անզիջում հետեւողականությամբ կարծրացրած մի դիրքորոշման (որը, նույնիսկ, ՍԴ 2 որոշման էր վերածվել):

Սա, իրականանալու դեպքում, ինքնիշխանության դասական եւ ուղիղ դրսեւորում է: Երբ ամբողջ միջազգային հանրության եւ ինքդ քո իսկ կարծրացած դիրքորոշումները մի կողմ ես դնում եւ որոնում, գտնում եւ հետամուտ ես լինում լուծումների, որոնք հիմնականում մերժված են մյուսների եւ, նախկինում նաեւ՝ քո իսկ կողմից եւ ուղղված են քո ժողովրդի կամաարտահայտության ազատության ապահովմանը:

Ասածս կարող է տարբեր գնահատականների արժանանալ, նամանավանդ՝ իշխանությունների ծայրահեղ ապիկարության իրողության բերումով, սակայն ինքնիշխանության նվազման հիվանդության բուժումը հենց այս միջոցի գործադրմամբ է սկսվելու:

ՀԳ. Ինձ ամենաշատը դուր են գալիս այն հիմնարար փոփոխությունները, որոնց վրա հասնելը չի թմբկահարվում, եւ արդյունքն էլ չի նկատվում: Եւ, կարծես թե բոլոր կողմերն էլ մի տեսակ դրանից դժգոհ են»:

 

 

Նախորդ հոդվածը‘Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոն. Ադնանին սպանվել է ամերիկյան ավիահարվածի հետեւանքով’