‘Վահե Գրիգորյան. ՄԱԿ-ի առաջարկությունները չկատարելն իրականում կոշտ հետեւանքներով հղի չէ’

967

«ՄԱԿ մարդու իրավուքների կոմիտեի առաջարկությունները չկատարելն իրականում ոչ մի թանձրացական հետեւանքներ չի ստեղծում: Դրանց կատարումն ապահովվում է ընդամենը դիվանագիտական ազդեցության ներգործության միջոցով եւ չի կարող համեմատվել այնպիսի ակտերի հետ, ինչպիսիք են, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, որոնք ուղղակիորեն են պարտավորեցնում պետություններին»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Վահե Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը չի կատարել մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության մասով ՄԱԿ-ի հանձնարարականները, մասնավորապես` իրավապահների կողմից բռնության կիրառման և նրանց անպատժելիության վերաբերյալ կետերը:

Վահե Գրիգորյանն ավելացրեց նաեւ, որ սա չի նշանակում, թե նման առաջարկություններին չարձագանքելը կամ մերժելն անհետեւանք է մնում պետության համար: «Արտացոլված լինելով միջազգային կազմակերպությունների զեկույցներում եւ, նամանավանդ՝ ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեի, ՄԱԿ պայմանագրային մարմինների, ՄԱԿ ՄԻ հանձնակատարի նման հեղինակավոր մարմնի զեկույցներում, իրավիճակի եւ դրա նկատմամբ կառավարության վերաբերմունք նախատեսող նկարագրությունը ձեւավորում է այս կամ այն իրավիճակի, կոնկրետ դեպքում՝ մարտիմեկյան իրադարձությունների եւ դրանց նկատմամբ կառավարության վերաբերմունքի վերաբերյալ ամուր կանխավարկած միջազգային այլ ատյանների համար: Սա շատ կարեւոր է հատկապես ՄԻԵԴ-ում մարտիմեկյան գործերի քննության համար, որտեղ անխուսափելիորեն մեր կողմից անդրադարձ է կատարվելու նաեւ կառավարության՝ տարբեր ատյաններում եւ մարմիններին ներկայացվող բացատրություններին եւ դրանց վերբերյալ կառավարության ներկայացրած պարզաբանումներին»,- նշեց փաստաբանը: Տեղեկացնենք, որ ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի 9 զոհերի գործերը ներկայացնում են Վահե Գրիգորյանը եւ Արտակ Զեյնալյանը:

«Այլ խոսքով, թեկուզեւ ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեի առաջարկությունները կաշկանդող ուժ եւ պարտադրման մեխանիզմ չունեն, այնուհանդերձ, նման առաջարկությունները եւ դրանց անպատասխան թողնելը անհետեւանք չի մնալու: Ցանկանում եմ նշել, որ մարտիմեկյան գործերը, եւ հատկապես՝ այդ իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ պետական որեւէ պաշտոնատար անձի, մարմնի եւ կազմակերպության որեւէ տեղ կատարած անդրադարձ կամ անպատասխան թողած հարց աննկատ չի մնալու մեր կողմից եւ, համապատասխանաբար, իր պատշաճ արձագանքն է ունենալու այդ գործերի սպասվող հաղորդակցության փուլում: Ես զգոնության կոչ կցանկանայի անել պետական պաշտոնյաներին այս հարցի մասին արտահայտվելիս: Այն, որ մենք մինչ այսօր չենք արձագանքել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ շատ պաշտոնյաների կատարած հրապարակումներին եւ հայտարարություններին, ամենեւին էլ չի նշանակում, որ մենք դրանք չենք նկատել կամ անտեսել ենք: Մեր արձագանքը դրանց կլինի բացառապես դատավարական իրավական գործընթացի շրջանակներում՝ նրանց գործողությունների, հայտարարությունների, անգործության եւ օրենքի եւ իրավունքի խախտումների վերաբերյալ տրվող գնահատականներին զուգահեռ: Սա կարող եք համարել նաեւ զգոնության կոչ՝ ուղղված այն պաշտոնյաներին, որոնք այս հարցի առնչությամբ այսուհետ կարտահայտվեն. ձեր խոսքերն ու հայտարարությունները աննկատ չեն մնում»,- ասաց Վահե Գրիգորյանը: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտ»-ի աշխատակիցները կառավարության դիմաց են’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ադեկվատության դեֆիցիտ’