‘Վահե Հովհաննիսյան. Անհրաժեշտ է, որ Երևանը վարակվի փոփոխությունների գաղափարով’

1809

ILur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Այս քառօրյայի հենց սկզբից ԲՀԿ խմբակցությունը ակտիվ, ինչ-որ տեղ նաև ագրեսիվ աշխատաոճ էր ընտրել: Ինչո՞վ էր պայմանավորված նման դիրքորոշումը:

-Գիտեք, ես համաձայն չեմ, որ սա ինչ-որ արտակարգ, աչքի ընկնող աշխատաոճ էր: Ասեմ ավելին, առաջիկայում կուսակցության և խմբակցության աշխատանքը պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի էֆեկտիվ: Աշխատանքի արդյունավետության չափման միավորը, ըստ իս, պետք է լինի ժողովրդի և պետության իրական վիճակին համարժեքությունը: Մի բան հստակ է՝ ԲՀԿ-ն և իշխանությունը ունեն տարբեր պատկերացումներ, տարբեր գնահատականներ իրականության հանդեպ: Մենք տարբեր կերպ ենք գնահատում իրականությունը: Սա է մեխը: Սա շատ լուրջ գաղափարական տարաձայնություն է: Ինչը ենթադրում է հստակ դիրքորոշումներ և ինչը պարտադրում է ակտիվ աշխատանք:

Սերժ Սարգսյանն իր հայտնի ասուլիսում զարմացել է, թե ինքը ի՞նչ բարոյական իրավունքով պետք է 7 տոկոս աճ ապահովված կառավարությանն արձակի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

-Խնդիրն ամենևին կառավարությանն արձակելու կամ չարձակելու մեջ չէ: Խնդիրն այն նպատակներն են, որոնք դրվում են կառավարության, հասարակության, պետության առաջ: 7 տոկոսանաց տնտեսական աճի նշաձողը, իմ խորին համոզմամբ, շատ փոքր ձեռքբերում է մեր պետության, հասարակության այսօրվա համար: Նման արտագաղթ, անկումային տրամադրություններ ունեցող հասարակություններում, սոցիալական խնդիրներից խեղճացած ժողովրդի պայմաններում, Ղարաբաղի խնդիր ունեցող պետության համար, նման բարդ տարածաշրջանում գտնվող պետության համար  շատ ավելի բարձր և ագրեսիվ նպատակներ ու խնդիրներ պետք է դրվեն: 

 Հասարակությանը ոգևորող, հուսադրող, հակաանկումային նպատակներ պետք  է դրվեն, որ մարդիկ հեռանկար տեսնեն, հույս տեսնեն Հայաստանում ապրելու համար: 7 տոկոսանոց նշաձողով, իմ կարծիքով, շատ դժվար է լինելու համոզել հարյուր  հազարավոր մարդկանց` չարտագաղթել, գնացածներին` վերադառնալ, հավատալ իրենց ու իրենց երեխաների ապագային, իրենց զգալ ապահով Հայաստանում, չընկրկել Ադրբեջանի ռազմականացման միտման առաջ:Սա է խնդիրը, որը ես ու ԲՀԿ-ի քաղաքական թիմի իմ գործընկերները բարձրաձայնում ենք:

-Բայց Ս. Սարգսյանը նաև ասաց, որ ամեն ինչ համեմատության մեջ պետք է նայել…

 -Այդ դեպքում առավել ևս դժվար է հասարակությանը գոհացնել 7 տոկոսանոց ցուցանիշներով: Չէ՞ որ մարդիկ հիշում են, որ մեր պետությունը ոչ վաղ անցյալում ունեցել է երկնիշ տնտեսական աճով տարիներ…

Դառնանք Երևանի ավագանու ընտրություններին: Ի՞նչ խնդիր է դրել իր առջև ԲՀԿ-ն:

-Խնդիրը շատ հստակ է: ԲՀԿ-ն գնում է հաղթելու: ԲՀԿ-ն դնում է փոփոխությունների խնդիր: Եթե մեր ժողովրդին, տվյալ դեպքում` երևանցիներին չի գոհացնում այս վիճակը, այսօրվա իրականությունը, ապա նրանք ունեն փայլուն հնարավորություն` իրենց քվեարկությամբ իրականացնելու այդ փոփոխությունները:   Փոփոխություններ, որ կարող է և պետք է  իրականացնի   ժողովուրդը, և ոչ թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցութունը, Ժառանգությունը: Այս քաղաքական ուժերը հանրային պահանջի և հանրային ճնշման պարագայում կարող են դառնալ փայլուն քաղաքական գործիքներ, առաջամարտիկներ՝ քաղաքական և հասարակական խոր բարեփոխումերի, փոփոխությունների համար: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը վարակվի փոփոխությունների գաղափարով:

Իշխանությունները կարծես ամեն կերպ ձգտում են կենցաղայնացնել Երևանի ավագանու ընտրությունները, թույլ չտալ դրանց քաղաքականացում: Այս իրավիճակում ինչպես եք պատկերացնում Ձեր անելիքները:

-Ես վստահ եմ, որ իշխանությանը դա չի հաջողվելու: Երևանի ընտրություններն առաջին հերթին քաղաքական ընտրություններ են: Ասեմ ավելին, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ժամանակ ձևավորված հասարակական էներգետիկայի, հասարակության քաղաքականացվածության տեմպը ակնհայտորեն ուժի մեջ է: Մենք դա պարզ տեսանք փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ: 2012 թվականի մայիսից մենք ապրում ենք ուրիշ մթնոլորտում: 10 ամիս առաջ հասարակական ակտիվության և հասարակական գիտակցության տեսակետից լրիվ ուրիշ Հայաստան էր: Մենք անցել ենք զգալի ճանապարհ: Հիմա եկել է ընտրությունների միջոցով այդ փոփոխությունները վերացականից իրական դաշտ տեղափոխելու պահը: Մայիսի 5-ին դա պետք է անել:

Ակնհայտ է, որ իշխանությունն այս ընտրություններում եւս կիրառելու է բոլոր հայտնի մեխանիզմները՝ վարչական ռեսուրս, ոստիկանություն, շրջիկ խմբեր, ուռճացված ընտրացուցակներ, քրեական տարրեր և այլն: Այդ դեպքումն ի՞նչ պետք է անել՝ այդ ամենի դեմն առնելու համար:

— Ես նշեմ հիմնական քայլերը. ամենակարևորը՝ փոփոխությունների էներգետիկան: Եթե Երևանը և երևանցիները վարակվեցին փոփոխությունների գաղափարով, ապա ընտրակեղծիքների համակարգը էապես թուլանալու է: Հաջորդը՝ պետք է ստեղծել ընտրակեղծիքների դեմ պայքարի իրական մեխանիզմներ: Հիմնական եղանակները հայտնի են,  ուրեմն կմշակվեն դրանց դեմն առնելու տարբերակները: Բայց ոչ թե հետընտրական լացուկոծի, այլ` ընտրություններից շատ առաջ, ընտրության օրը, և հետըտնտրական օրերի համար գործուն քայլերի համակարգի  տեսքով:  Ի դեպ, մենք հիմա հենց դրա վրա էլ աշխատում ենք:  

Այդ դեպքում ինչո՞ւ 4 քաղաքական ուժերը չմիավորվեցին Երևանի ընտրություններից առաջ:

— Իմ կարծիքով շատ ավելի լավ էր, որ չմիավորվեցին: Եթե այս չորս քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Ժառանգությունը նախընտրական փուլում չաշխատեն միմյանց դեմ, և ձևակերպեն միասնական խնդիր՝ պայքարել ընտրակեղծքիների դեմ, ապա վստահ եմ, որ դա համագործակցության լավագույն տարբերակն է: ԲՀԿ-ն իր մասով, այս երկու կետերը, վստահեցնում եմ, պահելու է: 

 

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Մի սանտիմետր չենք զիջելու Մարտի 1-ի հարցում’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային գործակալի կարծիքով, Մխիթարյանը կարող է հայտնվել «Անժիում»’