‘Վահե Հովհաննիսյան. Գնահատականը տալու է պատմությունը ‘

755

«Zham. am»-ի հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ:

— Իշխանությունների քայլերը Արարատի ցեմենտի գործարանի նկատմամբ, բառիս բուն իմաստով շոկի մեջ են գցել, թվում էր, թե ամեն ինչ տեսած հայ ժողովրդին: Կա՞ արդյոք որևէ բացատրություն` Ծառուկյանին վատություն անելու համար մեր ջրերը Ադրբեջան ուղղելու քայլին:
— Սա Գագիկ Ծառուկյանի վրա ճնշման փորձ է: Այլ հարց է, որ այդ քայլը տվեց լրիվ հակառակ էֆեկտը: Ի դեպ, ճնշումները Ծառուկյանին պատկանող բիզնես-համակարգի նկատմամբ, նրա բարեկամների, մերձավորների նկատմամբ երբեք չեն դադարել: Իսկ ԲՀԿ համագումարում նրա ելույթից հետո պարզապես ուժեղացել են: Դրանք սպասելի էին, իսկ թե ինչ բնույթ կկրեն դրանք, արդեն մնում է իշխանությունների խղճին` տվյալ դեպքում դա Ադրբեջանին օգնելու, նրա ջրային պաշարները լրացնելու, ադրբեջանցի գյուղացուն օգնելու եղանակով էր:
— Ըստ Ձեզ` տվյալ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը:
— Իմ կարծիքով` սա արդյունքն է այն բանի, որ իշխանությունը չգիտի, թե ինչ անի: Պարզ է, որ սրանով ոչ մի խնդիր չի կարող լուծվել: Նման ճնշումները հեռանկարում ոչ մի արդյունք չեն կարող տալ: Տեսե՛ք` մենք առաջարկում ենք լայն համախմբում, մենք առաջարկում ենք օգնություն փոքր ու միջին բիզնեսին, մենք առաջարկում ենք աջակցություն աշխատավոր մարդուն, մենք առաջարկում ենք` համախմբել Սփյուռքի կարողությունները, մենք առաջարկում ենք լսել ժողովրդի ահագնացող բողոքի ձայնը, իսկ փոխարենը, որպես արձագանք, ստանում ենք ճնշումներ իշխանության կողմից: Մեր ժողովուրդը տեսնում է այս երկու մոտեցումները. տվյալ դեպքում խոսքը, եթե կուզեք, իրավիճակի ընկալման, պետական մտածողության մոդելների ընտրության մասին է: 
Իսկ հնարավո՞ր է, որ ուժգնացող ճնշումների արդյունքում, որոշ բհկականներ տեղի տան և հրաժարվեն ԲՀԿ-ի հռչակած սկզբունքներից:
— Անկեղծ ասած` ես չեմ բացառում: Սա կյանք է, և ոչ բոլոր մարդիկ ունեն քաղաքական և բարոյական նույն արժեքները: Ի դեպ, համագումարի իր հայտնի ելույթում Գ. Ծառուկյանը անդրադարձել էր նաև այս խնդրին` ասելով`մեզ շատ դժվար աշխատանք է սպասում, և ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:
Մի բան պարզ է, եթե նույնիսկ լինեն ճամբարափոխներ, ապա դրանք լինելու են խիստ սակավաթիվ մարդիկ: Երբ քաղաքական ուժն արձանագրում է երկրում տիրող ծանր իրականությունը ու իր համար խնդիր է ձևակերպում` մյուս քաղաքական ուժերի հետ համատեղ, իրավիճակի փոփոխությունը, ապա որոշ դեմքերի հատավաճառության դրվագները չեն կարող որևէ ազդեցություն թողնել: Ես սրան վերաբերվում եմ շատ հանգիստ: Պարզ է, որ նման մարդկանց և նման քայլերի գնահատականը տալիս է ոչ թե քաղաքական ուժը, այլ ժողովուրդը և պատմությունը: Խնդիրն ընտրության մեջ է:
Մեր քաղաքական ուժի ընտրությունը համագումարի ընթացքում ներկայացվեց մեր ժողովրդին և գործընկերներին` հնարավորինս արագ, առանց ցնցումների, առանց բախումների և թշնամանքի` հասնել երկրում անհրաժեշտ փոփոխությունների: Ստեղծել տնտեսական, հասարակական վերելքի համար անհրաժեշտ պայմանները: 

Նախորդ հոդվածը‘Յուրաքանչյուր տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 200 հայց է ընդունում’
Հաջորդ հոդվածը‘Ռադայի Ռեգիոնների խմբակցության ղեկավարը մեղադրում է Յանուկովիչին. Տեսաուղերձ ‘