‘
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հետևյալ ելույթով.
«Հարգելի գործընկերներ,
Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել ժամանակահատվածը, որում այս կարևոր զեկույցը պատրաստվել է:
Համաշխարհային ճգնաժամը մեր պետությունների և հասարակությունների առջև նոր մարտահրավերներ է դրել: Փոփոխությունները, որոնք կատարվում են տնտեսության տարբեր ճյուղերում, լրջորեն ազդում են նաև մեր հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների վրա:
Այս զեկույցն ուսումնասիրում է բավականին բարդ մի ոլորտ՝ ազատ մամուլի խնդիրը: Տնտեսական ճգնաժամերի ընթացքում, երբ հասարակությունները կանգնում են սուր խնդիրների առաջ, մամուլի ազատության հարցը դառնում է շատ ավելի զգայուն և ցավալի:
Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների զարգացման հետ մամուլի վերահսկողության մեխանիզմները դառնում են ավելի ու ավելի հղկված ու ոչ բացահայտ: Փոքր երկրներում բարդ տնտեսական շրջանում շատ հեշտ է ստեղծել մի լրատվական դաշտ, որն արտաքուստ կարող է ազատ երևալ՝ իրականում լինելով ամբողջապես կառավարվող, ամուր մի մեդիա համակարգ:
Փոքր, տնտեսապես անկայուն երկրներում անկախ լրատվական դաշտ ստեղծելու մեխանիզմները շատ թույլ են: Թերթերը, լրատվական կայքերը և հաճախ նույնիսկ տնտեսապես ավելի հզոր հեռուստաընկերությունները չեն կարողանում իրենց թույլ տալ՝ անկախ լինել: Տպաքանակը փոքր է, գովազդի շուկան՝ սահմանափակ: Սա ուղիղ ճանապարհ է դեպի կառավարվող մեդիա դաշտ: Երբ լրագրողի ամսական աշխատավարձը չի գերազանցում 500 դոլարը, նա դժվարությամբ կդիմադրի ազատությունը կորցնելու գայթակղությանը:
Իրավիճակն ուսումնասիրելիս ավանդական չափորոշիչները մեզ կարող են սխալ ուղով տանել: Մենք պարզապես չենք նկատի ավելի հղկված, թաքուն տեխնոլոգիաները, մեխանիզմները, որոնք հանգեցնում են կառավարվող մեդիա համակարգի:
Անշուշտ, պետք է լինի զրո հանդուրժողականություն՝ լրագրողների հանդեպ որևէ բռնության նկատմամբ: Սպառնալիքների, ֆիզիկական բռնության և անգամ սպանության դեպքերը, որոնք տեղի են ունենում եվրոպական երկրներում, պետք է խստորեն դատապարտվեն: Երեկ, պարոն Շտրասսերի զեկույցի քվեարկությունից պարզ դարձավ, որ որոշ երկրների դեպքում մենք ավելի տոլերանտ ենք: Դա հիասթափեցնող է:
Բայց ինչպե՞ս ենք մենք արձագանքում, երբ մի ողջ լրատվական դաշտ է սպանվում՝ առանց անգամ մի կրակոցի:
Մենք պետք է նաև շատ զգույշ լինենք օրենսդրության հետ, որն առնչվում է զլմ-ների հետ, քանի որ երբեմն անգամ բավականին դրական քայլերը կարող են հանգեցնել անսպասելի արդյունքների:
Հայաստանում զրպարտության ապաքրեականացման օրինագծի ընդունումը երկու տարի առաջ համարվեց մի մեծ քայլ առաջ, սակայն անմիջապես հետո սկսվեց նոր իրականություն: Այսօր հնարավոր է դարձել լրատվամիջոցների հանդեպ ճնշում գործադրել՝ դատական կարգով խոշոր տուգանքներ պարտադրելով:
Բայց ես չեմ կարող չնշել այս խնդրի մյուս կողմը, երբ լրատվամիջոցներն իրենց ռեսուրսներն օգտագործում են քաղաքական և հասարակական գործիչների մասին ուղղորդված տեղեկատվություն, հաճախ՝ զրպարտություն և վիրավորանքներ տարածելու նպատակով, որպես կանոն՝ քաղաքական հակառակորդների շուրջ: Բարոյական արգելքներն այստեղ չեն գործում: Սա մի արատավոր շրջան է, որը դժվար է հաղթահարել:
Մյուս խնդիրը ինքնագրաքննությունն է: Շատ լրագրողներ ու անգամ ամբողջական լրատվամիջոցներ աշխատում են ինքնագրաքննության ռեժիմով: Սա մի գործընթաց է, որից ետդարձի ճանապարհը շատ դժվար է:
Վերջում կուզեի նորից ընդգծել այս կարգի զեկույցների կարևորությունը: Ազատ մամուլին և քաղաքացիական հասարակությանը վերաբերող խնդիրները պետք է պահվեն մեր մշտական ուշադրության ներքո:»
‘