‘
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարություններ է արել, որոնք հիմնված են միանձնյա որոշման վրա: Top-news.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Ես այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ, այն պարզ պատճառով, որ լինելով ԱԺ պատգամավոր՝ ունեմ այնքան ինֆորմացիա, որքան ցանկացած հեռուստադիտող: Միևնույն ժամանակ՝ ուզում եմ ընդգծել, որ երեկ կայացվել է միանձնյա որոշում: Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում՝ ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ: Դատելով իշխանական պատգամավորների եվրոպամետ տեսակետներից՝ չի խորհրդակցել նաև իշխող քաղաքական ուժի հետ և, որքան հասկանում եմ՝ չի կիրառել նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված մեկ ուրիշ քայլ՝ չի խորհրդակցել նախկին նախագահների հետ»,- նշել է Հովհաննիսյանը:
Նա նշել է նաեւ, որ նույն պատկերն է նաեւ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի քննարկումների ժամանակ. փորձագիտական հանրությունը եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչները տեղյակ չեն Ասոցացման համաձայնագրի դրույթներին:
Անդրադառնալով օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթության մասին՝ ԱԺ պատգամավորը նշել է.
«Ծառուկյանն ասել է այն, ինչը մտածում են միլիոնավոր հայեր: Միևնույն ժամանակ, պետք է շատ հստակ հասկանալ՝ հայ-ռուսական լավ հարաբերությունները չեն պարտադրում լարված հարաբերություններ Եվրոպայի և Արևմուտքի հետ: Ցավոք, ես նման միտումներ արդեն տեսնում եմ: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին արձագանքները բավական կոշտ են: Հաջողված արտաքին քաղաքականությունը Հայաստանի պարագայում հավասարակշռված քաղաքականությունն է»:
‘