‘Վահրամ Աթանեսյան. Ի՞նչ խոսք կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին’

681

Ի՞նչ խոսք կարող է լինել ընդհանրապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կամ դրա ստորագրման մասին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը iLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանն ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, ապա պետք է համաձայնի ստորագրել խաղաղության մեծ պայմանագիր:

«Մի՞թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կապված է նրա հետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, կամ կոմունիկացիաները երկու երկրների միջև բացվեն: Այսինքն, դա հերթական անհեթեթությունն է, որ ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ իրեն թույլ է տվել: Կազանի ձախողված հանդիպումից հետո ադրբեջանական կողմի գլխավոր «հաղթաթուղթն» այն է, որ պետք է մի կողմ թողնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցված գործընթացը և միանգամից սկսել խաղաղության պայմանագրի վրա աշխատանքները: Հայաստանը և Ադրբեջանն այսօր պատերազմի մեջ չեն, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Արդբեջանին»,- ասաց Աթանեսյանը:

Ինչ վերաբերում է արդբեջանական կողմի պնդումներին, թե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին, ապա Աթանեսյանն ասաց, թե դրանք այնքան անհեթեթ են, որ նույնիսկ մեկնաբանության չեն տրվում:

«Ի՞նչ ասել է՝ օդանավակայանի շահագործումը կարող է խանգարել բանակցային գործընթացին: Որևէ տրամաբանության չի տրվում ադրբեջանական կողմի պնդումը, թե օդանավակայանի շահագործումը կարող է խանգարել բանակցային գործընթացին: Ինչո՞վ կարող է խանգարել»,- եզրափակեց Աթանեսյանը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրես. Ամոթալի այս կեղծիքի իրական հեղինակը գործող ռեժիմն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Ցուցակները չէին անհետացել’