‘Վաղարշակ Հարությունյան. ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում ‘

2327

Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը: Փաստաթղթի համաձայն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը ցանկանա իր երկրում տեղակայել  կազմակերպության անդամ չհանդիսացող որեւէ երկրի կամ ռազմաքաղաքական միավորման ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածք, ապա անպայման պետք է ստանա վերը նշված բոլոր երկրների համաձայնությունը: Ըստ փաստաթղթի,  ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ երկրի ռազմական օբյեկտ չի կարող տեղակայվել, եթե դրան առարկում է անդամ-երկրներից թեկուզ մեկը: Այլապես նման մտադրություն դրսեւորող երկիրը պարտավոր է դուրս գալ կազմակերպությունից: Սակայն այս դեպքում էլ  ցանկությունը կարող է տապալվել, քանի որ արձանագրությունն այդ պրոցեսի համար վեց ամիս ժամկետ է սահմանել: Ընդ որում՝ արձանագրությունում հստակ սահմանված չէ, թե ինչ է նշանակում ռազմական օբյեկտ: Հետաքրքրական է, որ ԱԺ-ում այդ նախագիծը ներկայացրել էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, որը տարիներ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, աչքի էր ընկնում իր արեւմտամետ դիրքորոշմամբ: Ինչպես ԱԺ-ում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, տեսակետներ են հնչել, որ այս քայլով հերթական հարվածն է հասցվում ՀՀ ինքնիշխանությանը:  Որոշ փորձագետների գնահատմամբ, ՌԴ իշխանությունների հռչակած «Ընդհանուր տնտեսական տարածք» եւ «Եվրասիական միություն» ծրագրերը, այդ արձանագրության հետ միասին նպատակ ունեն վերականգնել ռուսական ազդեցությունը նախկին Խորհրդային կայսրության տարածքում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱՊՀ զորքերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն iLur.am-ի խնդրանքով անդրադարձավ թեմային: Նշենք, որ պարոն Հարությունյանը 1992-ին մասնակցել է ՀԱՊԿ եւ Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագրի պատրաստման աշխատանքներին:

Պարոն Հարությունյան, այս արձանագրությունը վավերացնելու դեպքում Հայաստանը հերթական նահանջի քայլը չի՞ կատարում՝ավելացնելով իր կախվածությունը Ռուսաստանից:

-Այն, ինչ ամրագրված է արձանագրությունում, նորություն չէ, այդ կետը եղել է նախկինում, ուղղակի հստակեցնում է մեխանիզմը: Արձանագրությունը հստակեցնում է, որ պետությունները պետք է գրավոր համաձայնություն տան: ՀԱՊԿ պայմանագրի կշիռը ՌԴ-ն է, այնպես, ինչպես ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ն: Չկա ԱՄՆ-ն, չկա ՆԱՏՕ-ն: Բոլոր պետությունները  ելնում են մի դրույթից, որ պայմանագիրը պետք է պաշտպանի իրենց շահերը: Երբ 1992թ. Հայաստանը ստորագրեց ՀԱՊԿ պայմանագիրը, ապահովեց ոչ միայն տարածաշրջանային, այլեւ՝գլոբալ անվտանգությունը:  Չկա մի պետություն, որը հանդգնի հարձակվել Հայաստանի վրա, քանի որ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը միջուկային գերտերություն է եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի եւ Վրաստանի մասին, որոնց տարածաշրջանային անվտանգությունն ապահովված չէ: Ադրբեջանում խնդիր է դրված, թե ինչպես պետք է ապահովեն իրենց երկրի անվտանգությունը: Ադրբեջանը եւ Վրաստանը ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ չեն, եւ նրանց անվտանգությունը ապահովելու համար ոչ մի կազմակերպություն չունի պարտավորություններ:

-Սակայն արդեն քանի տարի է, ինչ Վրաստանը պայքարում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ այդ ճանապարհին չվախեցավ իր հարաբերությունները փչացնել անգամ հարեւան Ռուսաստանի հետ:

-Եվ ի՞նչ տվեց դա Վրաստանին: ՆԱՏՕ-ն, որի հետ Վրաստանը համագործակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ոչ մի ռազմական աջակցություն չցուցաբերեց Վրաստանին, երբ 2008 թ. Վրաստանում վերսկսվեց ռուս-վրացական պատերազմը, եւ դա բնական է, քանի որ այդ համագործակցությունը չի ենթադրում նման աջակցություն ՆԱՏՕ-ի կողմից:  Իսկ ՌԴ-ն ունի դոկտրին, համաձայն որի՝ պաշտպանում է ՀԱՊԿ անդամ պետություններին հարձակումից:  Համաձայն եմ, որ Վրաստանն ամեն ինչ անում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, բայց ՆԱՏՕ-ն այդ երկրի նկատմամբ որեւէ պարտավորություններ չի ստանձնում: Հայաստանի համար առաջնայինն անվտանգության ապահովումն է, սպառնալիքները վերլուծելն ու դրանք չեզոքացնելը: Հայաստանի անվտանգությանը սպառնում են Ադրբեջանն ու Թուրքիան: Եվ որպեսզի Հայաստանի անվտանգությունը երաշխավորված լինի, ինչի համար ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մեծ ծախսեր է անում,  մենք պետք է շահագրգռված լինենք ՀԱՊԿ-ի հզորացմամբ:

— Ռուսաստանի եւ Հայաստանի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամ են նաեւ միջինասիական միշարք հանրապետություններ, որտեղ քաղաքացիական ազատությունների եւ իրավունքների առումով, կարելի է ասել, աղետալի վիճակ է: Ցանկալի չէ՞քայլեր անել հեռանկարում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, որին անդամակցում են զարգացած ժողովրդավարական երկրները:

-Համամիտ եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ են զարգացած պետությունները, բայց եթե այնտեղ մեզ չեն սպասում, ի՞նչ անենք: Եվրոպան, ՆԱՏՕ-ն ունեն իրենց խնդիրները: Հայաստանն, ի վնաս իր շահերի ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները եւ ի՞նչ ստացավ դրա դիմաց: Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամներից է եւ թույլ չի տա, որ ի նպաստ Հայաստանի այնտեղ կայացվի որեւէ որոշում: Իսկ ՆԱՏՕ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Այսօր Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը նույն մակարդակի հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մեր տարածաշրջանում լուծում է ՌԴ-ին դուրս մղելու խնդիր: Եթե մենք ուզում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին, ի՞նչ ենք ակնկալում: Հենց միայն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործակցության գործողությունների ծրագիրն ամբողջովին թվարկում է միայն Հայաստանի պարտավորությունները, իսկ ՆԱՏՕ-ի կողմից՝ ոչ մի պարտավորություն:

Զրույցը վարեց Թագուհի Հակոբյանը

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատգամավոր. Արցախի ՀՅԴ-ն ճգնաժամի մեջ է ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն «միացավ» ՀԱԿ-ին ‘