‘Վաղը կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ‘

571

Նոյեմբերի 19-ին Վիեննայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարելի է որակել կառուցողական: Այդ մասին դեկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հայատարարել է, թե Սարգսյանն ու Ալիեւը արտգործնախարարներին հանձնարարել են առաջին իսկ հնարավորությունն օգտագործել հանդիպում անցկացնելու և բանակցությունները շարունակելու համար`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացնելու նպատակով:

Նալբանդյանի խոսքով, ադրբեջանական կողմը վերջին անգամ ձախողել էր ընթացիկ տարվա հունիսի հանդիպումը, երբ դրա օրն ու վայրն արդեն որոշված էին: «Հուսով ենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ կբացի, և առաջին հնարավորությունը կլինի վաղը: Կիևում ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում», — ասել է Նալբանդյանը: «Իհարկե, շատ կարևոր է հակամարտությունը կարգավորելու կողմերի ցանկությունը, սակայն կարևոր է նաև խնդրի կարգավորման նկատմամբ իրատեսական մոտեցում դրսևորելու կողմերի ցանկությունը», — նշել է դիվանագետը: Նա ընդսմին ավելացրել է, որ իրատեսական մոտեցման համար հիմք կարող են ծառայել ԵԱՀԿ նախագահող երկրների արտգործնախարարների հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկությունները: «Հայաստանը պաշտպանում է այդ մոտեցումները, և եթե ադրբեջանական կողմը նույնպես դրանք պաշտպանի, ապա հնարավորություն կներկայանա հաշտության բանակցային գործընթացում առաջընթացի համար», — ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Տավուշի մարզում հայտնաբերվել է 53-ամյա Վ. Զ.-ի դին’
Հաջորդ հոդվածը‘Ում՝ ինչի համար. Ոստիկանություն’