‘Վաղվա նիստում Ալիկ Սարգսյանին հնարավորություն կտրվի հիշելու 2 տարի առաջվա ասուլիսի մանրամասները. հարցազրույց’

1308

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում հաստատել է, որ 2011-ի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ ոստիկանների գործադրած բռնությունից եւ տղաների ձերբակալությունից հետո «հանդիպել եւ մանրամասն զրույց է ունեցել» դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկանների հետ: Միեւնույն ժամանակ՝ նա խուսափել է հստակ պատասխանից՝ արդյո՞ք զրուցել է դեպքին մասնակից ոստիկանների հետ, որոնք մինչ օրս ընթացող գործով անցնում են որպես տուժողներ:

Հիշեցնենք, որ միջադեպից երկու օր անց հրավիրված ասուլիսում Սարգսյանը հայտարարել էր, որ «հանդիպումներ է ունեցել, տարբեր խորհրդակցություններ է անցկացրել բոլոր այն ոստիկանների հետ, ովքեր որ մասնակից են եղել միջադեպին, սկսած փողոցից, … մինչեւ ոստիկանության բաժնում տեղի ունեցած իրողությունը»: Մինչդեռ «տուժող» ոստիկանները, ո՛չ նախաքննության, ոչ դատաքննության ժամանակ չեն հաստատել, որ հանդիպել եւ զրուցել են ոստիկանապետի հետ: Վաղը՝ օգոստոսի 9-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի Կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավարությունը: Նախորդ նիստի ժամանակ գործով անցնող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդեց որպես վկա հարցաքննել «Կանաչուտ գյուղի բնակիչ», նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Այս առիթով iLur.am-ը զրուցեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ:


 Պրն. Խաչատրյան, Տիգրան Առաքելյանը նախորդ դատական նիստում հայտարարեց, որ գործով ամենակարեւոր վկան Ալիկ Սարգսյանն է, որի վկայությունը դատարանին կտա բոլոր հարցերի պատասխանը: Ի՞նչ դերակատարում է ունեցել նախկին ոստիկանապետը այս գործում, եւ որքանո՞վ արժեքավոր կլինի նրա տված վկայությունը:

Ալիկ Սարգսյանի բարոյական նկարագիրը մի կողմ դնելով՝ ուզում եմ միանգամից իրավական տեսանկյունից անդրադառնալ նրան, թե ինչ է կատարվել. ոստիկանապետը, ունենալով հայտնի լիազորություններ, հրապարակային հայտարարություններ կատարեց այն ժամանակ, երբ քրեական գործն արդեն հարուցված էր: Դրանով, ըստ էության, նախաքննական գաղտնիքներ հրապարակեց: Այդ հայտարարություններով նա ոչ միայն քրեական վարույթ իրականացնող մարմնին էր ուղղորդում, մարմին, որն, ըստ էության, իր ենթակայության տակ է գործում, այլեւ դրանով ուղղորդում էր տուժող ճանաչված ոստիկաններին, ինչպես նաեւ՝ հասարակական գիտակցությունը: Այսինքն, ոստիկանապետի անմիջական մասնակցությամբ՝ քրեական գործի մի պատկեր էր ձեւավորվում, որն իրականության հետ կապ չուներ: Ալիկ Սարգսյանը գոնե այս կերպ փորձում էր ոստիկանության արատավոր կերպարի հերթական դրսեւորումը քողարկել՝ մեղքը գցելով Կոնգրեսի երիտասարդների վրա: Բնականաբար, դատաքննության ընթացքում այդ «տուժող» ոստիկանները հերքեցին, որ հանդիպել են ոստիկանապետի հետ ու մանրամասն զրույց են ունեցել նրա հետ, եւ Ալիկ Սարգսյանն այսօր հայտվել է մի իրավիճակում, որ կա՛մ պետք է ընդունի, որ գեներալի ուսադիրները ստում են, կա՛մ պետք է ստեն շարքային ծառայողները: Մի կողմից՝ նա ծանր է տանում գեներալի ուսադիրներին ստախոսի պիտակ կպցնելու հեռանկարը, մյուս կողմից, հաստատակամորեն պնդելով, որ հանդիպել է ոստիկանների հետ եւ քննարկել դեպքի մանրամասները՝ դրանով իսկ նախաքննության մարմնի ողջ աշխատանքը դնում է հարցականի տակ: Այսինքն, իրենց համար ստեղծվել է մի իրավիճակ, որ ցանկացած պարագայում նախաքննական մարմնին, կամ դատաքննությանը, կամ, ընդհանրապես՝ հասարակությանը տրվել է կեղծ տեղեկատվություն այդ միջադեպի վերաբերյալ:  Ուստի, պատահական չեմ համարում Տիգրան Առաքելյանի այս անդրդվելի դիրքորոշումը, որ այս քրեական գործով կարեւոր վկա է Ալիկ Սարգսյանը, իսկ Քր.դատ օրենսգրքի 86-րդ հոդվածը քննությունն իրականացնող մարմնին պարտադրում է որպես վկա ներգրավել եւ հարցաքննել, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ առերես հարցաքննություն իրականացնել այն անձանց հետ, ում հայտնի են կամ կարող են հայտնի լինել գործով տեղեկություններ: Դա քրեադատավարական իրավունքի կարեւորագույն դետալներից մեկն է, եւ, առավելեւս այն բանից հետո, երբ Ալիկ Սարգսյանն այսօր մամուլում պնդել է դեպքի մասնակիցների հետ հանդիպելու մասին նախկինում արած իր հայտարարությունը, Տիգրան Առաքելյանի արած միջնորդությունը տրամաբանված է եւ քրեական իրավունքի առումով՝ հիմնավորված: Եւ ես կարծում եմ, որ դատարանը պարտավոր է այդ միջնորդությունը բավարարել եւ վերաքննիչ վարույթի ընթացքում նրան հարցաքննել:  

Այնուամենայնիվ, նշված հարցազրույցում Ալիկ Սարգսյանը, չհերքելով, որ դեպքից հետո հանդիպել է որոշ ոստիկանների հետ, ուղղակիորեն չհաստատեց, որ զրուցել է հենց դեպքի մասնակից, այսօր որպես տուժող հանդես եկող ոստիկանների հետ՝ ասելով, որ չի հիշում:

21-րդ դարն ունի մի առավելություն 19-րդ դարի նկատմամբ՝ այն իմաստով, որ հնարավորություն կա տեսագրել այս կամ այն խոսքը: Ես գիտեմ, որ պաշտպանական կողմը պատրաստել է Ալիկ Սարգսյանի մամուլի ասուլիսի տեսանյութը, վաղը նաեւ միջնորդություն կկատարվի՝ այդ տեսանյութը հրապարակել դատարանի դահլիճում եւ հետազոտելու որպես ապացույց: Այն, ինչ արձանագրված է էլեկտրոնային տարբերակով, միգուցե Ալիկ Սարգսյանին ավելի լավ հնարավորություն կտա հիշելու այն, ինչ նա հրապարակավ ասել է 2011թ. օգոստոսի 11-ին:

 Իմիջիայլոց, այսօրվա հարցազրույցում Ալիկ Սարգսյանն ասում է, որ լավ չի հիշում մանրամասները, որովհետեւ  դեպքը տեղի է ունեցել «4-5 տարի առաջ»: Ինչո՞վ կարելի է բացատրել նախկին ոստիկանապետի ա՛յս աստիճան մոռացկոտությունը:

Մարդկայնորեն նրան հասկանալ կարելի է, որովհետեւ Սարգսյանի ոստիկանապետության ողջ շրջանը զուգորդվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություններ գործադրելու, նրանց հանիրավի ոստիկանական բաժանմունքներ տանելու, քրեական գործեր հարուցելու դեպքերով: Այդ առիթով պետք է հիշել, որ 2009-ին, իսկապես չորս տարի առաջ արդեն, Տիգրան Առաքելյանի նկատմամբ մեկ այլ դեպքի առիթով ոստիկանները բռնություն էին գործադրել, սակայն այդ ժամանակ էլ որպես մեղադրյալ ներգրավվել էր Տիգրան Առաքելյանը, եւ, եթե կա ժամանակի եւ հիշողության հետ կապված խնդիր, կարելի է հասկանալ Սարգսյանի շփոթմունքի պատճառը: Բայց հոգ չէ, կհիշեցնենք՝ խոսքը վերաբերում է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ Կոնգրեսի երիտասարդները դիտողություն են արել երկու ոստիկանի՝ քաղաքացու հետ անհարգալից վարվելու համար, սակայն քրեական գործով նախաքննությունը գնաց Ալիկ Սարգսյանի առաջ քաշած վարկածով, որը մենք պայմանականորեն անվանում ենք «շան դնչկալի» վարկած, իսկ քրեական գործը՝ «շան դնչկալի գործ»:

Ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել դատաքննության այս փուլից, մանավանդ, որ Վճռաբեկ դատարանի վերջին որոշումից հետո հանրության մոտ տպավորություն ստեղծվեց, որ համակարգը որոշել է տեղի տալ:

Նախ, հիշեցնեմ, որ Վճռաբեկ ատյանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը եւ նշանակել նոր քննություն, նոր կազմով: Ակնկալիքների հետ կապված՝ հայաստանյան արդարադատությունից ակնկալում ենք այնքան, ինչքան որ նա հնարավորություն կունենա տալու: Ամեն դեպքում, սա իրավական գործընթաց է, եւ ներպետական ատյաններով անցնելը, այս ատյաններում հնարավորինս արդարադատության համար պայքարելը մեր պրակտիկան է՝ մենք չենք կարող անտեսել այդ ատյանը: Կարծում եմ՝ վերջապես պետք է գա մի պահ, որ դատական համակարգը հասկանա, որ ակնհայտ անարդար դատական ակտեր է ընդունել: Ի վերջո, դատարանը ոչ թե պատժիչ գործողություններ կիրառելու համար ստեղծված մարմին է, այլ արդարադատություն իրականացնող մարմին եւ պետք է հասկանա, որ մինչեւ վերջերս հրապարակած ակնհայտ անարդար դատական ակտերը առաջին հերթին հարվածում են Հայաստանի Հանրապետության վարկին: Եւ այս գործի վերաբերյալ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների բազմաթիվ նամակները, կոչերը, հայտնած դիրքորոշումները թույլ են տալիս հուսալու, որ այս անգամ գոնե դատարանը եթե արդարացի վճիռ չի կայացնելու, ապա գոնե չի պատժելու անմեղ մարդուն միայն նրա համար, որ նա ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ է:

Նախորդ նիստին Տիգրանն ասաց, որ եթե ինչ-որ բան փոխվի, փոխվելու է ոչ դատարանի դահլիճում կայացրած որոշմամբ:

Տիգրան Առաքելյանը հստակ գիտի հասցեները, թե որտեղ են այդ որոշումներն ընդունվում:

Պրոցեսուալ առումով՝ դատական այս ատյանը վճիռ կայացնելու ի՞նչ տարբերակներ ունի:   

Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակներում է ինչպես Առաջին ատյանի նշանակած վճիռը փոփոխելը, այնպես էլ՝ ամբողջությամբ նոր վճիռ կայացնելը: Այսինքն, այն կաշկանդված չէ Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռով, եւ եթե պատկերացնենք, որ Վերաքննիչը, ի վերջո, կգա այն պարզ ճշմարտությանը, որ Կոնգրեսի չորս տղաների գործողություններում իսկապես հանցակազմ չի եղել, իրավասություն ունի կարճել քրեական վարույթը եւ արդարացման վճիռ կայացնել երիտասարդների նկատմամբ:

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում ձերբակալվել է սիցիլիական մաֆիայի պարագլուխը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանն առանց քաղբանտարկյալների ‘