‘Վաճառելով համալիրը` ցանկանում են թաքցնել հանցավոր հետքերը’

1516

Մայիսի 19-ին հայ ժողովուրդը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանել է աճուրդի: ԴԱՀԿ պաշտոնական կայքի աճուրդի բաժնում տեղադրված տեղեկության համաձայն՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամերգային համալիրի աճուրդի մեկնարկային գինը 19 350 000 000.0 դրամ է, և որ կառույցը հանդիսանում է գրավի առարկա:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը սեփականաշնորհվել էր «ԲԱՄՕ» ընկերության կողմից, այնուհետև, չգիտես ինչպես, չգիտես ինչու՝ հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո:

Այս պատմության մեջ հենց այս փաստն է ամենակարևորը և ամենահետաքրքիրը: Աճուրդի օրինականության հարցը այստեղ արդեն երկրորդական է, քանի որ նախ իշխանությունները և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է պատասխանեն մի շատ պարզ հարցի. ինչպե՞ս է պատահել, որ մասնավոր ընկերության սեփականությունը հայտնվել պաշտպանության նախարարության տնօրինության ներքո:

Հիմա հայտարարում են, թե մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Հնարավոր է, որ այստեղ ևս խախտվում է օրենքը: Այստեղ զարմանալու ոչինչ չկա, բայց հայտարարության հեղինակները ևս զլացել են պարզաբանել այն հարցը, թե ինչ կապ ունի այս ամենի հետ պաշտպանության նախարարությունը: Ընդ որում՝ անչափ կարևոր է ճշտել, թե որ թվականից է այն հայտնվել նախարարության հաշվեկշռի ներքո:

Շատերն այժմ սևեռվել են այն փաստի վրա, որ մարզահամերգային համալիրի՝ որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել, և որ ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: Բայց կարևորելով այս հարցը՝ մենք հերթական անգամ կարևորում ենք այն փաստը, որ մինչև աճուրդի հանելը, մինչև գնահատելը պետք է սպառիչ և լիարժեք պատասխան տրվի, թե ինչպես և ում կամքով է մասնավոր ընկերության սեփականությունը հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինման ներքո:

Անկասկած, պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն, բայց երբ անցած անգամ վաճառվեց նույն շենքը, գնորդները այս մասին, չգիտես ինչու, մոռացել էին:

Հետաքրքիրն այն է, որ մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, չի կարող լինել ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հենց միայն այն պատճառով, որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Չի կարող, բայց հենց այդպես էլ ստացվել է, և մինչ օրս որևէ մեկը կապակցված պատասխան չի տալիս:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրի սեփականատերը «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունն է, որը համալիրը գնել է ՀՀ կառավարության 2005թ. որոշմամբ:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը վստահեցնում է՝ համալիրն անօրինական է աճուրդի հանվել և ուղղորդված է համալիրը ձեռք բերելու հարցում շահագրգռված որոշ ուժերի կողմից: Բնականաբար, նա այդպես էլ չի ասել, թե այդ ինչ ուժեր են, և որ ամենակարևորն է՝ նա ևս մութ թողեց այն հարցը, թե ինչ կապ ունի համալիրը պաշտպանության նախարարության հետ:

Այն, որ որոշ մարդիկ ուզում են ձեռք բերել համալիրը՝ ակնհայտ է, բայց ավելի ակնհայտ է այն, որ նոր վաճառքով ցանկանում են վերացնել նախկինում կայացված այն ապօրինի որոշումները կամ հրամանները, համաձայն որոնց՝ համալիրը հայտնվել է պաշտպանության նախարարության տնօրինման ներքո:

Նախորդ հոդվածը‘Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է դատի տալ բրիտանական մամուլին’