‘
Փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի խանգարում: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին` ցավոք նրա կյանքը չհաջողվեց փրկել:
Մարտի 5-ին սննդային թունավորման` բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղի օգտագործումն է:
Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, կոպի իջեցում: Հիվանդը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
‘