‘Վանաձորի բյուջեն արգելանքի տակ է. «Հրապարակ»’

1323

«Հրապարակի» տեղեկություններով, արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա։ Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջև դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում։

Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, և բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել։ Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար։ Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել։

Այս տեղեկությունը երեկ թերթը փորձել է ճշտել Վանաձորի քաղաքապետի մամուլի գծով օգնական Էդիկ Հովսեփյանից, Ավագանու անդամներից։ Նրանք զարմացել են հարցից, ապա Հովսեփյանն ասել է, որ «ոչ հերքում է, ոչ էլ հաստատում»։

Թերթը զրուցել է նաև դատը շահած բնակչի շահերի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի հետ, վերջինս հաստատել է լուրը՝ իրենք ծանուցում են ստացել ԴԱՀԿ-ից, որ բյուջեն արգելանքի տակ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կիեւի օդանավակայանում 64 VIP չվերթ է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Գնալով ավելի վատ է լինելու («ՉԻ»)’