‘Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը լրագրողին. «Դու տեղդ նստի, մեկ ա, խելքդ չի հասնում»’

1359

Ապրիլի 3-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դալիճում նշանակված էր քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթ հետեւյալ տեղերի համար. քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ, նույն բաժնի գլխավոր մասնագետ ու առևտրի եւ սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ:

Թե ինչպես ավարտվեց մրցույթը եւ ովքեր եղան հաղթողները, ցավոք, չենք կարող տեղեկացնել՝ շնորհիվ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղար Գագիկ Սիմոնյանի, ով հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում լրագրողների նկատմամբ տարբերակված վերաբերմունքով:

Իսկ թե ինչն ինչպես եղավ, ներկայացնեմ հերթականությամբ: Երբ ներս մտա նիստերի դահլիճ, նախ եւ առաջ հարց ուղղեցի Գ. Սիմոնյանին՝ կարո՞ղ եմ արդյոք ներկա գտնվել մրցույթին: Նա դիմեց հանձնաժողովի անդամներին. «Կարող եք քվերակել, որոշել»: «Մեր լրագրողն է, թող ներկա լինի»,- նշեց հանձնաժողովից   Արմեն Ջանազյանը:

Երբ րոպեներ անց փորձեցի սեղանին դրված թղթի վրա կարդալ, թե ովքեր են հանձնաժողովի կազմում, Գ. Սիմոնյանը սենյակի մյուս ծայրից գոռաց. «Դու տեղդ նստի, մեկ ա, խելքդ չի հասնում»: «Եւ ինչի՞ց ենթադրեցիք, որ խելքս չի հասնում» իմ հարցին՝ նա պատասխանեց. «Քո հոդվածներից»: «Այլեւս չհամարձակվեք անձնական վիրավորանք հասցնել»,- եղավ իմ պատասխանը:

Թե որքանով է հարիր հայ տղամարդուն նման ձեւով խոսել կնոջ հետ, դա դեռ հարցի մի կողմն է: Ինչ վերաբերում է հոդվածներին, հարկ եմ համարում հիշեցնել նույն Գագիկ Սիմոնյանին, որ թե՛ ինքը, թե՛ քաղաքապետ Սամվել Դարբինյանը տարբեր առիթներով բարձրաձայնել են, որ ընդունում ու հարգում են իմ ներկայացրած լրատվամիջոցի՝ «Վանաձորյան խճանարի» օբյեկտիվ եւ անաչառ լրատվությունը:

Հարց է ծագում՝ ի՞նչն է փոխվել: Գուցե հարգարժան պարոններին դուր չի գալիս, երբ ներկայացնում ենք իրենց աշխատանքի բացթողումնե՞րը: Ստիպված եմ հիասթափեցնել. այսուհետ էլ որպես «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի,  asparez.am կայքի ու «Վանաձորյան խճանկարը» ներկայացնող լրագրող՝ պետք է հրապարակենք  այն ամենը, ինչ հարկ կհամարենք: Եւ դա պետք է անենք ոչ թե խմբագրելով ու հասկանալի հայերենին հնարավորինս մոտեցնելով որոշ պաշտոնյաների խոսքը,  այլ բառացի մեջբերելով նրանց ասածներն ու արտահայտությունները՝ համեմված, օրինակ, բաժնի պետի ու թափառող կենդանիների վնասազերծումն իրականացնող կազմակերպության զագսավորման՝ քաղաքապետի խնդուկներով:

Գայանե Սարգսյան/asparez.am

Նախորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում’
Հաջորդ հոդվածը‘Վ. Օսկանյան. Այն, ինչ մենք մեզ թույլ չենք տա անել մեր սեփական տանը, չպետք է թույլ տանք նաև մեր մեծ տանը՝ քաղաքում:’