‘
Վանաձորի ավագանու Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքում անդրադառնում է այսօր կայացած ավագանու նիստին և օրակարգում ընդգրկված «Վանաձորի համայնքի կողմից բնակարան ձեռք բերելու և Հասմիկ Միքայելի Սահակյանի ընտանիքին բնակարաններ վարձակալությամբ հատկացնելու մասին» հարցին: Նշենք, որ Արամ Խաչատրյանը այսօր տապալել էր Վանաձորի ավագանու նիստը, քանի որ նիստին ներկա էր ավագանու 21 անդամներից 11-ը, և քանի որ նա նիստը բոյկոտել է քվորում չի ապահովվել: Հավելենք նաև, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը փորձել է, ըստ էության իրեն պատկանող շենքից քաղաքային բյուջեի հաշվին բնակարան գնել: Ներկայացնում ենք Արամ Խաչատրյանի գրառումը.
Վանաձորի ավագանու 2014թ. հունիսի 30-ի հերթական նիստի
օրակարգից՝
4. Վանաձորի համայնքի կողմից բնակարան ձեռք բերելու և Հասմիկ Միքայելի Սահակյանի ընտանիքին բնակարաններ վարձակալությամբ հատկացնելու մասին
զեկ.` Գ.Պառավյան
Ըստ որոշ տեղեկությունների բնակարանը ձեռք է բերվելու Տիգրան Մեծի պողոտայի վրա կառուցված նորակառույց էլիտար շենքից, որը վանաձորցիները գիտեն որպես քաղաքապետի սեփականություն:
Հարց՝
1. Իսկ ինչու՞ պետք է համայնքի բնակչության սեփականություն հանդիսացող համայնքի բյուջեից մասնավոր անձի համար բնակարան գնվի, թեկուզ վարձակալությամբ տրամադրելու համար:
2. Եթե վարձակալությամբ է տրամադրվելու, ինչու՞ է գնվում համայնքի բյուջեի միջոցներով:
3. Ինչու՞ հենց այդ շենքից:
4. Արդյո՞ք այստեղ հստակ ընդգծված շահերի բախում կա, թե՞ ոչ:
Հույս չունեմ, որ հստակ պատասխաններ կտրվեն այս հարցերին, բայց թե հարցնում եմ:
‘