‘Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները նորից ցույց են անում, սպասում են Արմեն Մովսիսյանին եւ հանդիպել են Արամ Մանուկյանի հետ ‘

1291

Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցները ամիսներ շարունակ իշխանություններից պահանջում են վճարել իրենց չվճարված աշխատավարձերը: Նրանք բազմիցս դիմել են իշխանություններին, խոստումներ են ստացել, սակայն արդյունքում, դրանից բացի՝ ոչինչ չեն ստացել:  

Գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին պարտք է շուրջ 360 մլն դրամ (մոտ 1 մլն դոլար) աշխատավարձ: Գործարանն ունի 700 աշխատող, որոնք ամիսներով աշխատավարձ չեն ստացել: Ընդ որում՝ աշխատակիցների մեծ մասը 6-7 ամիսների աշխատավարձ ունի ստանալու, իսկ որոշ աշխատակիցների պարտքն էլ հասնում է մինչեւ 15-17 ամսվա:  

Քիմպրոմի ղեկավարությունը, որն, ի դեպ, հաճախ փոփոխվել է, ժամանակ առ ժամանակ վաճառել է եղած գույքը եւ փոքր կտորներով քիչ քանակի մարդկանց աշխատավարձ  տվել, բայց խնդիրը, մեծ հաշվով,լուծում չի գտել առայսօր:

Այսօր «Քիմպրոմի» շուրջ 150 աշխատակիցներ հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել եւ հավաքվել են մարզպետարանի մոտ: Աշխատակիցները պահանջում էին պատասխան տալ իրենց հարցերին, ինչպես նաեւ՝ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ներկայությունը: Նշենք, որ ցուցարարներն ամենաշատը մեղադրում են հենց վերջինիս, իսկ աշխատակիցներից շատերը նույնիսկ կարծում են, որ գործարանի  սեփականատերերից մեկը հենց Մովսիսյանն է: Նրանց կարծիքով՝ բացի Մովսիսյանից՝ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ եւս գործարանի սեփականատեր են հանդսիանում: Ի դեպ, ցուցարարների կարեւոր պահանջներից մեկն էլ հենց այն է, որ հստակեցվեն, թե ովքեր են գործարանի ներկայիս սեփականատերերը: Բանն այն է, որ ամիսներ շարունակ  նրանք չեն կարողանում ճշտել այդ հարցը, ու նաեւ այդ հանգամանքն իրենց կասկածի տեղիք է տալիս, թե սեփականատերերը իշխանությունների ներկայացուցիչներն են:

Այսօր, ժամը 12-ին, Մովսիսյանը պետք է հանդիպեր ցուցարարների հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանց տեղեկացրել են, թե Մովսիսյանը կուշանա եւ իրենց հետ կհանդիպի ժամը 16-ին: Բացի այդ՝ մարզպետարանից ցուցարարներին առաջարկել են Մովսիսյանի հետ հանդիպել ոչ թե մարզպետարանում  կամ Վանաձորի գլխավոր հրապարակում, այլ հենց գործարանի տարածքում, այն էլ՝ ցուցարարներից միայն մի քանիսը պիտի ներկա լինեն այդ հանդիպմանը: Ցուցարարները, սակայն, վճռական են տրամադրված եւ պնդում են, որ հանդիպմանը պետք է մասնակցեն բոլորը:

Պահանջներից մեկն էլ այն է, որ նրանք գործարանի ապագայի հետ կապված հստակ ծրագիր են ակնկալում:

Այժմ ցուցարարները սպասում են ժամը 16-ին կայանալիք հանդիպմանը: Իսկ մինչ այդ նրանց խնդրանքով Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի տարածքային կառույցի շենքում  հանդիպում է կայացել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: Շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպման ժամանակ,  մեր տեղեկություններով, ցուցարարները ներկայացրել են իրենց պահանջները, ինչպես նաեւ տեղեկացրել են, թե իրենք ինչպես են տեսնում խնդրի լուծումը: Արամ Մանուկյանը խոստացել է  հնարավորության սահմաններում աջակցել ցուցարարներին:  

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը հրաժարվեց պաշտպանությունից’
Հաջորդ հոդվածը‘Վարորդների ստացած տուգանքների բողոքարկման համար ձեւավորվել է իրավաբանների խումբ’