‘Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են անժամկետ գործադուլի’

598

Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դիմել են մարզպետարան` տեղեկացնելով, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկերության սեփականատերերի հետ չհանդիպելու պարագայում «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն: «Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի և բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն։ Խոսքը գնում է 6-11 ամսվա աշխատավարձի մասին: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին և մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, և մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի արդյունքում հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացել են մոտ 30  աշխատողներ, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- ասաց Մարտիրոսյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր հերթին նշել է, որ մարզպետարանը լավատեղյակ է խնդրից, սակայն իրավասու չէ ինչ-որ խոստումներ տալու աշխատակիցներին, քանի որ խոսքը գնում է մասնավոր ընկերության մասին:

«Քիմպրոմ»-ի աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն դրամ: Ընկերությունը «Հայռուսգազարդին» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ, շուրջ այդքան էլ կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական բանակն ապաշրջափակել է Լուգանսկի օդանավակայանը’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը’