‘
Վանաձորի Հայքի հրապարակում օգոստոսի 22-ին հավաք էին կազմակերպել Արցախյան պատերազմի ազատամարտիկները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ազատամարտիկները անժամկետ նստացույց են հայտարել և պատրաստվում են հանդես գալ ի պաշտպանություն բոլոր ազատամարտիկների և պատերազմում զոհվածների ընտանիքների: Նրանք հայտարարում են, որ այլևս չեն հանդուրժելու պետական բարձիթողի իրավիճակը:
Ազատամարտիկները բարկացած ներկայացրել են իրենց պատմությունները և պահանջել են կատարել իրենց ներկայացրած պահանջները: Ազատամարտիկների հավաքին մասնակցել է նաև գյումրեցի ազատամարտիկ Վասիլյանի ջոկի զինվոր Յուրիկ Աթոյանը, ով ներկայացրել է ազատամարտիկների հանդեպ պետական անմարդկային քաղաքականությունը, ազատամարտիկների վատ ֆինանսական վիճակը և ղեկավարության անհարգալից վերաբերմունքը:
Ռուբիկ Մնացականյանը շատ վրդովված պահանջում էր պարզապես մարդկային հարգանք դրսևորել իրենց հանդեպ: «Մենք գնացել ենք կռվել ենք ձեր բոլորի համար, որ չկրկնվի 15 թիվը, մենք չենք կռվել նրանց աթոռների համար, որ հիմա նստել են, մեզ էլ ասում են՝ ձեզ ո՞վ էր ասում գնայիք պատերազմ, չգնայի՛ք»- ասել ծերունին, ով մեծ ներդրում ունենալով մեր պետության անկախության կայացման գործում, հնամաշ զինվորական համազգեստով էր:
‘