‘Վանաձորում մեծ քանակությամբ գծից հանած երթուղային տաքսիների հոսք է նկատվում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ’

926

Վանաձորի որոշ ընտրատեղամասերում մեծ քանակությամբ գծից հանած երթուղային տաքսիների հոսք է նկատվում, մեծ քանակով մարդիկ են տարվում ընտրելու: Այս մասին iLur.am-ին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Օֆելյա Զալյանը՝ մասնավորապես նշելով, որ նման դեպքեր գրանցվել են 30/47, 30/53, 30/54, 30/01 և այլ տեղամասերում:

«Դիտորդները ֆիքսել են այդ դեպքերը, գրություններ ենք պատրաստվում ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մեր դիտորդին են մոտեցել, հարցրել են՝ ինչով է զբաղված, ինչու է ինքն այնտեղ, որովհետև դրսում էր դիտորդություն անում, բայց այլևս չեն անհանգստացրել: Մեր դիտորդների նկատմամբ բռնության դեպքեր չեն եղել», — նշեց Զալյանը:

Նրա խոսքով՝ գրանցվել են նաև ընտրողներին ուղղորդելու, այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու դեպքեր. ««Գիտես չէ՞ ում ես ընտրելու». այս կարգի ագիտացիա է իրականացվում: 30/46 ընտրատեղամասում Սամվել Դարբինյանի համար են ուղղորդում, ուրիշ դեպքեր եղել են, սակայն անուններ չեն նշվել»:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում: Լոռիի մարզկենտրոն Վանաձորում քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՄԻԱԿ անդամ Տարոն Ապրեսյանը, անկուսակցականներ Կարեն Թումանյանն ու Տիգրան Գրիգորյանը, ԲՀԿ-ական թեկնածու Էդիկ Կարախանյանը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ընտրություններից րոպեներն անց կնիքները օքսիդացել են’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Երևանում. երկու կին մահացել են, երեք տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց’