‘Վանաձորում ցուցարարները չեն լքում դատարանի դահլիճը և պահանջում են ազատ արձակել բերանը կարած կալանավորին ‘

839

Հենց այս պահին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում և դատարանի շենքի մոտ են հավաքվել այս տարվա  հունվարի 14-ից հացադուլի մեջ գտնվող վանաձորցի 33-ամյա Շալիկո Մանուչարյանի ծնողները, հարևանները, բարեկամները, հարազատները, ընկերնեը: Նրանք պահանջում են ազատ արձակել Մանուչարյանին, որն արդեն շուրջ 8 ամիս է գտնվում է անազատության մեջ: Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը ևս մեկ ամսով երկարաձգել է Շալիկո Մանուչարյանի կալանքի ժամկետը: Ցուցարարները ասում են, որ շարունակելու են բողոքի ակցիան և չեն լքելու դատարանի դահլիճը այնքան ժամանակ, մինչև Շալիկո Մանուչարյանը ազատ չարձակվի:

Շալիկո Մանուչարյանի մայրը ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում ասել էր.

«Իմ որդին այդ հանցագործությունը չի կատարել: Ուզում են անմեղ մարդու գլխին կոտրել: Եթե պատկան մարմինները արդարացի լուծում չտան այս խնդրին ու որդուս չազատեն, նստացույց ու հացադուլ եմ անելու ՀՀ նախագահի նստավայրի առաջ: Եթե դա էլ չօգնեց, դիմելու եմ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Մենք միայն ազատություն ու արդարություն ենք ուզում»,-ասում է Շալիկոյի մայրը` Ռուզաննա Վարդանյանը:

Շալիկո Մանուչարյանի փաստաբանի փոխանցմամբ արդեն 10 oր է` իր պաշտպանյալը հացադուլի մեջ է, և գննալով նրա առողջական վիճակը վատանում է, բերանի կարած մասերն էլ արդեն սկսել են թարախակալել: «Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նա մինչև վերջ շարունակելու է հացադուլը և բերանը կարած վիճակում մնալու է այնքան,  մինչև իր խախտված իրավունքները չվերականգնվեն»,-տեղեկացնում է փաստաբանը:

8 ամսվա կալանավորման ընթացքում Շալիկո Մանուչարյանը չի տեսակցել անգամ դստեր հետ, տեսակցությունները արգելված են, որպեսզի տեղեկատվության շարժ չլինի և չվնասի գործի օբյեկտիվ քննությանը: Այնինչ փաստաբան Ռուբեն Հակոբյանն ինքն է արձանագրում, որ առանց դրա էլ, գործի քննությունը ընթանում է սխալ ճանապարհով. «Իրավական կողմն այն է, որ անհիմն մեղադրանք է առաջադրված, և առանց բավարար հիմքերի մարդը երկարատև, արդեն 8 ամիս գտնվում է կալանքի տակ: Իսկ փաստական կողմը այն է, որ առանց ապացույցների 2010 թվականին քրեական գործ է հարուցվել, 6 ամիս քննվել, կասեցվել է`մեղադրյալի գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով: Այսինքն` երբ որ նա հայտնաբերվի, պետք է վերսկսեն և արագ ուղարկեն դատարան, որովհետև բոլոր ապացույցները ձեռք բերված են: Բայց մեղադրյալը իր տանը հայտնաբերվում է մայիսի 30-ին, վերսկսվում է վարույթը, 8 ամիս նոր ապացույցներ են ձեռք բերում: Այդ դեպքում, եթե այդ ապացույցները չունեիք, ինչպես եք մեղադրանք առաջադրել ու հետախուզում հայտարարել»,-տարակուսում է փաստաբանը:

Նա նշում է, որ պաշտոնական վարկածով տուժող է ճանաչված քաղաքացի Ա.Փ-ն:  Դատաբժշկական եզրակացության համաձայն` նրան պատճառվել է  ծանր մարմնական վնասվածք, բայց քննիչը բազմիցս հայտարարել է, որ տուժողը ցուցմունք է տվել այն մասին,  որ իրեն որևէ մեկը վնասվածք չի պատճառել: «Բացի այդ` մենք ունենք լոռեցի 3 պատգավորների խնդրագրերը, և Վանաձորի ավագանու 21 անդամներից 20 հոգու դիմումը, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մոտ 2000 բնակիչների ստորագրություններով երաշխավորագրերը,  որով վստահեցվում է, որ Շալիկո Մանուչարյանը կալանքից ազատվելու դեպքում չի թաքնվի, չի խուսափի»,-եզրափակում է փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկատվության համաձայն մեղադրվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար. կրակել է ընթացող մեքենայի վրա: Սակայն հացադուլավորը ասում է, թե նա այդ ժամանակ հանրապետությունում չի գտնվել:

Այդ գործով վկաներից մեկը Վանաձորի գերեզմանափորն է:

Ավելի վաղ Շ.Մանուչարյանի հարազատները հայտնել են, որ մտադիր են փակել ճանապարհները, ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպել:

Տեսանյութը նկարահանված է հունվարի 22-ին:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» պայմանագիր կնքեց Լյորենտեի հետ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի դատարանը՝ Բերեզովսկու և նրա նախկին կնոջ դատական վեճի մասին’