‘
Ֆրանսիական Express թերթը հայտարարել է մայիսին՝ երկրի ղեկավարի ընտրությունների ժամանակ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի համակարգիչները «կոտրելու» մասին: Պարբերականի տվյալներով՝ դա արվել է Վաշինգտոնից, ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ: Հակերներին հաջողվել է մուտք գործել այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի մերձավոր խորհրդականների, մասնավորապես՝ նրա օգնական Քսավիեր Մուսկայի համակարգիչները: Ի դեպ, Մուսկան նաև կոշտ սկավառակի վրա գաղտնի գրառումներ և ռազմավարական պլաններ էր պահում: Հակերներին չէր հաջողվել «հասնել» անձամբ Սարկոզիի համակարգչին միայն այն պատճառով, որ այն միացված չէր եղել Ելիսեյան պալատի համակարգչային ցանցին:
Ինչպես հետագայում պարզել են ֆրանսիացի քննիչները, հակերական գրոհը ձեռնարկվել է ԱՄՆ-ից՝ Flame վիրուսի օգնությամբ, որը մշակել են ամերիկացի և իսրայելցի զինվորականները՝ Իրանի դեմ կիբեռգրոհ ձեռնարկելու նպատակով: Flame վիրուսն ընդունակ է պատճենահանել վարակված համակարգչի ֆայլերը և աուդիոձայնագրություն կատարել:
ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկատվությունը: Ելիսեյան պալատում նույնպես հրաժարվել են մեկնաբանություններ տալուց: Անանուն աղբյուրների տվյալներով՝ ամերիկացիներին կարող էր հետաքրքրել ընտրությունների շեմին Փարիզի իրական վերաբերմունքը Վաշինգտոնի հանդեպ, ինչպես նաև՝ Ֆրանսիայի կապերն ու առնչությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ:
‘