‘
Վաշինգտոնում ծավալվում է քաղաքական գործողության հերթական ռաունդը, որը սովորաբար անվանում են նախարարական խառնաշփոթ:
Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնում գեներալ Հերբերտ Մաքմասթերին փոխարինելու է պրոֆեսիոնալ դիվանագետ Ջոն Բոլթոնը, որը սառը պատերազմի ասպետի համբավ ունի: Ինչպես New York ամսագրում գրել է մեկնաբան Ջոնաթան Չեյթը՝ «Այժմ չմնաց ոչ մեկը, որն աշխարհը կփրկի Թրամփից», նկատի ունենալով Դոնալդ Թրամփի վարքագծի «մեղմումը» Մաքմասթերի կողմից:
Բոլթոնը Թրամփի նախագահ դառնալուց հետո հավակնում էր պետքարտուղարի պաշտոնին: Լուրեր են պտտվում, որ Թրամփն այն ժամանակ նրան չէր նշանակել նրա «ծովափղի բեղերի» պատճառով:
Բոլթոնն աշխատել է Ռեյգանի և երկու Բուշերի իշխանության օրոք, երկրորդ Բուշն էլ հենց 2005 թ. նրան նշանակել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ՝ որսալով այն պահը, երբ սենատն արձակուրդում էր, հակառակ դեպքում Բոլթոնին երբեք չէին հաստատի այդ պաշտոնում:
Քննադատները Բոլթոնին համարում են անհանդուրժող, հատկապես նրանց հանդեպ, որոնց նա անխելք է համարում, հիշեցնում են, որ նա լարված հարաբերությունների մեջ էր պետքարտուղարներ Քոլին Փաուելի և Քոնդոլիզա Ռայսի հետ:
Եթե Թրամփը հերքում է Ռուսաստանի միջամտությունը 2016 թ. ամերիկյան ընտրություններին, ապա Բոլթոնը հայտարարում է, որ Պուտինը ստում է Թրամփին՝ հերքելով այդ միջամտությունը: «Ամերիկյան սահմանադրությունը խախտելը շատ ավելի վատ է, քան սովորական գաղտնի գործողությունը: Դա, ըստ էության, casus belli (պատերազմի առիթ) է՝ իսկական ագրեսիվ ակտ, ինչը Վաշինգտոնը երբեք չի հանդուրժի»,- այդ առթիվ ասել է Բոլթոնը: Նա պնդում է, որ Թրամփը Պուտինի հերքումները պետք է ընդունի որպես վիրավորանք: «Տեսնել, թե ինչպես է Պուտինը ստում նրան՝ դա պետք է ռուսաստանյան ղեկավարության բարոյականության վերաբերյալ լավ դաս լինի Թրամփի համար»,- ասել է Բոլթոնը:
Փոխանցում է BBC-ն:
‘