Վաշինգտոն-Մոսկվա․ Ակտիվ բանակցություններ՝ անորոշ ախտորոշմամբ

478

ԱՄՆ Հետախուզության կենտրոնական վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսը երեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, հաղորդել է New York Times-ը։

Բեռնսը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը, որը Մոսկվա է ժամանել երկու օր առաջ, և այս այցը, թերթի կարծիքով՝ վկայում է միջազգային ասպարեզում երկու հակառակորդների միջև աշխուժացած բանակցությունների մասին։

Սա Մոսկվա ժամանած բարձրաստիճան ամերիկացիների առնվազն չորրորդ այցն է ՝ հուլիսից ի վեր։ Շփումները կտրուկ սկսել են աշխուժանալ հունիսին Ժնևում  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Պուտինի հանդիպումից հետո։

Երկու կողմից պաշտոնատար անձինք հայտարարում են, որ բանակցություններն առայժմ որևէ բեկում չեն առաջացրել և հիմնականում ուղղված են հարաբերությունների կայունացմանը միջուկային երկու հզոր հակառակորդների միջև, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են մրցակցում աշխարհաքաղաքականության և կիբեռտարածքի ոլորտներում, գրում է NYT-ն։

ԱՄՆ-ը, մասնավորապես, Ռուսաստանին է փոխանցել մի քանի հակերների անունները և այլ տվյալներ, որոնք ռուսաստանյան տարածքից ակտիվորեն մասնակցում են ամերիկյան հաստատությունների վրա կատարվող կիբեռգրոհներին։ Ամերիկյան իշխանություններն այժմ սպասում են, թե արդյոք դրան կհաջորդեն ձերբակալություններ։

Կողմերը նաև քննարկում են ընդհանուր շահեր շոշափող խնդիրներ, օրինակ՝ Հյուսիսային Կորեա, Աֆղանստան և էկոլոգիական քաղաքականություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴավիթ Օվասապյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածը«Ведомости»․ Խրախճանք՝ ժանտախտի ժամին