‘
Վատիկանը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե ֆրանսիացի դեսպան Լորան Ստեֆանինիի թեկնածությունը հավանության չի արժանացել նրա սեռական կողմնորոշման պատճառով:
Ֆրանսիայի կառավարությունը ավագ դիվանագետի պաշտոնում Ստեֆանինիի թեկնածությունն առաջադրել էր հունվարին: Սովորաբար՝ թեկնածության հաստատումը տևում է մեկ ամիս, սակայն երեք ամիս անց էլ Վատիկանում լռություն են պահպանում:
Ֆրանսիական ԶԼՄ-ների համաձայն՝ Փարիզը մտադիր չէ Վատիկանից ետ կանչել իր դեսպանին:
2007 թ. Ֆրանսիան դիվանագետի պաշտոնում առաջադրել էր բացահայտ գեյի, սակայն մի քանի ամիս տևած լռությունից հետո ստիպված եղավ այլ մարդու նշանակել այդ պաշտոնում:
Ֆրանսիական կաթոլիկական La Croix թերթը գրել է, որ լռություն պահպանելով՝ Վատիկանը հասկացնում է, որ այդ նշանակումն անընդունելի է:
Ստեֆանինին, որ բացահայտ հայտարարել է իր համասեռական կողմնորոշման մասին, Հռոմում Ֆրանսիայի դեսպանատանն է աշխատել 2001-2005 թթ.:
Համարվում է, որ Ֆրանցիսկոս պապն ավելի հանդուրժողաբար է տրամադրված ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ, քան նախորդ պոնտիֆիկոսները: «Ես ո՞վ եմ, որ դատեմ», 2013 թ. հայտարարել է Ֆրանցիսկոս պապը համասեռականների մասին: Նրա նախորդը՝ Բենեդիկտոս XVI-ը, 2005 թ. փաստաթուղթ է ստորագրել, որում ասվում է, թե համասեռական հակումներ ունեցող տղամարդիկ չպետք է հոգևորական դառնան: Իսկ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ գեյ-հոգևորականները պետք է ներում ստանան, և նրանց մեղքերը պետք է մոռացվեն: Փոխանցում է BBC-ն:
‘