‘Վատիկանը Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհել’

1154

Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհել հայ միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Այդպիսի որոշում է կայացվել Սրբերի դատի ժողովի կառավարիչ կարդինալ Անջելո Ամաթոյի հետ Ֆրանցիսկոս պապի հանդիպման ընթացքում:

Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսը1298-ից ի վեր տրվում է եկեղեցու հռչակավոր աստվածաբաններին: Մինչ օրս 36 մարդ է արժանացել տիտղոսին, նրանց թվում են Ընդհանրական եկեղեցու հայրերը՝ Օգոստոս Երանելին, Բարսեղ Կեսարացին, Հովհան Ոսկեբերանը, Կյուրեղ Ալեքսանդրիացին, Գրիգոր Նազիանզացին եւ այլք, ինչպես նաեւ՝ միջնադարի հռչակավոր փիլիսոփա Թովմա Աքվինացին: 

Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թվականին` աստվածաբան և մտավորական Խոսրով Անձևացու ընտանիքում: Գրեթե ողջ կյանքը Նարեկացին անցկացրել է Նարեկավանքում, որն ունեցել է հարուստ գրադարան, և Նարեկացին հնարավորություն է ունեցել ընթերցել անտիկ փիլիսոփաների գործերի բնագրերը: Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն առաջին անգամ տպագրվել է 1673 թվականին Մարսելում, մինչ այդ տարածվել է ձեռագիր ցուցակներում, որոնցից ամենհինը վերագրվում է 12-րդ դարին: Պոեմը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուների, զգալի դեր է խաղացել գրական հայերենի զարգացման գործում: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ` Պրահայում’
Հաջորդ հոդվածը‘Կարծիք. Սենց որ գնա, Սահմանադրության մեջ առանձին գլուխ պիտի լինի՝ Ընդդիմությունը… ‘