‘Վատիկանի դեսպանի «պահապան հրեշտակները». Հետապնդո՞ւմ, թե` խաղ’

3599

Հայաստանի երրորդ հանրապետության «նույնքան» երրորդ օմբուդսմենը, իր նախորդների օրինակով, չպաշտոնավարեց մինչեւ Սահմանադրությամբ իրեն հատկացված ժամկետի ավարտը: Թեեւ Կարեն Անդրեասյանն իր՝ օրերս ԱԺ ներկայացրած դիմումը ֆորմալ առումով դեռ պետք է կրկնի տասն օր անց, որպեսզի հրաժարականը կայացած համարվի, սակայն, կարծես թե, ոչ ոք չի կասկածում, որ խորհրդարանը փետրվարին նոր ՄԻՊ պետք է ընտրի՝ արդեն Սերժ Սարգսյանի նոր սահմանադրության համաձայն:

Սակայն մինչ այդ, հանրությանը հետաքրքրում է երրորդ օմբուդսմենի անակնկալ հրաժրականի իրական պատճառը: Անդրեասյանը, որն իր պաշտոնավարման ընթացքում բավական թափանցիկ էր աշխատում ու մամուլին սիրահոժար մեկնաբանություններ էր տալիս հասարակական-քաղաքական այս կամ այն իրադարձության վերաբերյալ, իր հեռանալու (հեռացմա՞ն) պատճառների հարցում խիստ գաղտնապահ է: «Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու», — նշում է նա հրաժարականի մասին տեղեկացնող ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մինչդեռ, այդ պատճառները, կարծես թե, բավական տեսանելի են հանրության աչքում: Կարեն Անդրեասյանի գրառումից անմիջապես հետո մամուլում դրա մասին մի քանի հրապարակումներ հայտնվեցին, եւ ոչ ոք դրանք չհերքեց:

Այդ հրապարակումներից մեկն էլ նախօրեին «Ա1+»-ի կայքում ու Յութուբի էջում հրապարակված անդրադարձն է, որը ներկայացնում է բոլոր երեք օմբուդսմեններին, նրանց հարաբերությունները իշխանության հետ, եւ նրանց՝ պաշտոնից հեռանալու պատմությունները: Ռեպորտաժի հեղինակ Մհեր Արշակյանը նշում է, որ դեռեւս օմբուդսմենի պաշտոնում նշանակվելու օրերից հայտնի էր մտերմությունը Կարեն Անդրեասյանի ու Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջեւ: Ու որ Անդրեասյանի հարաբերություններն իշխանության հետ շատ թե քիչ հարթ էին՝ մինչեւ նախորդ աշուն, երբ օմբուդսմենը Ազգային ժողովում տարեկան հաշվետվության ժամանակ հայտնվեց ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների բավական ագրեսիվ քննադատության թիրախում: Մասնավորապես, Միքայել Մինասյանի մեկ այլ մտերիմ՝ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, բավական կոշտ, անգամ անձնական վիրավորանքներ պարունակող որակումներով քննադատեց ՄԻՊ-ի զեկույցը:

 «Ես ենթադրում եմ, որ էնտեղ (իշխանական շրջանակներում) կա մարդ, ում ոտքը ես տրորել եմ, եւ ես ենթադրում եմ, որ գիտեմ այն ոտքը, որն իջեցրել է այս անբարո պատվերը», — ի պատասխան Ֆարմանյանի խոսքերի՝ ասաց Կարեն Անդրեասյանը: «Ա1+»-ի ռեպորտաժի հեղինակը հիշեցնում է՝ այդ օրերին մամուլը գրեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ պատվերն իջեցրել է հենց Միքայել Մինասյանը, որի հարաբերությունները Անդրեասյանի հետ վատթարացել են ինչ-ինչ պատճառներով:

Ինչպես հայտնի է, «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական ծրագիրը  հեռարձակվում է «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով: Իսկ վերջինս էլ փաստացի նույն Միքայել Մինասյանին՝ փեսա Միշիկին պատկանող «Պանարմենիան մեդիա գրուփ»-ի անդամ է: Եւ հենց սա էր պատճառը, որ «Արմնյուզ»-ով «Ա1+»-ի լուրերին հետեւող մարդիկ չտեսան Մհեր Արշակյանի ռեպորտաժի հիմնական մասը՝ այն, որտեղ խոսվում էր Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառների մասին: «Արմնյուզ»-ի գրաքննիչները ռեպորտաժից խնամքով մաքրել էին Միքայել Մինասյանի «ոտքերի հետքը»՝  Ֆարմանյանի գրոհն ու պաշտպանի պաշտպանվելը: Իսկ այ, «Ա1+»-ի կայքում մինչեւ հիմա էլ կարելի է դիտել ամբողջական տեսանյութը (ի դեպ, հրապարակվելուց մեկ օր անց Յութուբում այն դիտել է շուրջ 500  մարդ): Արդյո՞ք տեսանյութը կրճատելու հատուկ հրահանգ է եղել, թե՞ «Արմնյուզի» խմբագիրները դա արել են հին ու բարի ինքնագրաքննության բնազդով՝  հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե Հայաստանում ազատ լրատվության առաջամարտիկ «Ա1+»-ի ղեկավարությունն ինչպես է համակերպվում իր նյութերի հետ նման տնավարի վերաբերմունքի հետ:

Հ.Գ. Չնայած այս պահին դժվար է ասել` իսկապե՞ս Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նեղում է Անդրեասյանին, թե սա ընդամենը հերթական ներիշխանական խաղն է, ամեն դեպքում հրապարակում ենք այս պահին մեր ունեցած փաստերի արձանագրումը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ հրթիռների փորձարկման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Լատվիայում կարգելվի դեմքը ծածկող մուսուլմանական հագուստը’