‘
Ուրբաթ օրը Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան, որ աշխատել է քաղաք-պետության ֆինանսական համակարգում, ձերբակալվել է իտալական ոստիկանության կողմից՝ խոշոր չափի փողեր լվանալու մեղադրանքով, հաղորդում է euronews-ը: Հետաքննության տվյալներով՝ մոնսենյոր Նունցիո Սկարանոն ու ևս երկու քաղաքացիական անձինք փորձել են շվեյցարական բանկի միջոցով կանխիկացնել 20 միլիոն եվրո: Եւ դա Վատիկանի բանկի գործունեության հետաքննության ընդամենը մի դրվագն է: Եպիսկոպոս Սկարանոյի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալն անմեղ է: «Նախ և առաջ՝ հայր Նունցիոն անձնական խնայողություններ ունի: Ավելի քան 22 տարի նա աշխատել է Վատիկանի բանկում, իսկ մինչ հոգևորական դառնալը ծառայել է «Դոյչեբանկում»: Սակայն միջոցների մեծ մասը, ինչպես ինքն է ասել, և ես նրան հավատում եմ՝ ստացվել է որպես նվիրատվություն», ասել է Սկարանոյի փաստաբաններից մեկը:
Սուրբ գահը տեղեկացրել է, որ որ եպիսկոպոս Սկարանոն դեռ մեկ ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հետաքննության մասին, հեռացվել է պարտականությունների կատարումից:
Վատիկանի բանկում կոռուպցիայի վերաբերյալ լուրերը ճշտելու հրահանգը տվել էր դեռևս Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը, և նրա այդ որոշումը հաստատել է ներկայիս պապ Ֆրանցիսկոսը:
‘