‘Վարդան Այվազյան. Սերժ Սարգսյանին հանդիպելը Ցեղասպանության ճանաչման հարցն են դարձրել’

1189

Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ՀՀԿ-ական և Ժառանգության  պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Թևան Պողոսյանը անդրադարձել են օրեր առաջ մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:

Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ եթե հնարավոր լինի այնպիսի իրավիճակ ձևավորել, որ  Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը  բանակցեն, ապա արդյունքը դրական կլինի:

Վարդան Այվազյանն էլ հակադարձեց, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ չի պատրաստվում գնալ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի  խնդիրը  Սարգսյանին տեսնելն էր, դա անձնական հարց է:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, թե՝ «գնամ ի՞նչ խոսեմ սոված եւ դառնացած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»՝ Վարդան Այվազյանը նկատեց, որ այդ արտահայտությունը կտրված է կոնտեքստից, քանի որ Սերժ Սարգսյան ասում է նաև՝  «Րաֆֆի ջան, ես քեզ խնդրում եմ դադարեցրու հացադուլը: Սերժ Սարգսյանին հանդիպելու հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն են դարձրել», — դժգոհեց պատգամավորը:

«Իրար հետ ոնց որ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը լավ էլ լեզու են գտնում, մենք իզուր ենք հիմա խոսում»,– նկատեց  Վարդան Այվազյանը: Ըստ հանրապետական պատգամավորի, ընդդիմության պահանջը մինչեւ հիմա հստակեցված չէ:

«Որո՞նք են ընդդիմության կողմից առաջարկված այն առաջնահերթ հարցերը, որին իշխանությունն ընդառաջ չի գնացել: Երբ ասում են դուք չեք ընտրվել, մենք ենք ընտրվել, դա պահանջ չէ»,- ասաց Վարդան Այվազյանը:

Նախորդ հոդվածը‘Համակովկասյան այբուբեն՝ ապագային ուղղված կոնկրետ նախագիծ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Մի սանտիմետր չենք զիջելու Մարտի 1-ի հարցում’