‘Վարդան Արամյան. Կամավոր կուտակային կենսաթոշակների մասով մենք արդնեն ունենք մեկ կառավարիչ’

882

Կամավոր կուտակային կենսաթոշակների մասով մենք արդնեն ունենք մեկ կառավարիչ, բայց դեռևս այդ ընկերությունը չունի այդ կարողությունը, որ պարտադիր համակարգին մուտք ունենա, որովհետև պարտադիր համակարգի համար մեզ անհրաժեշտ են միջազգային ճանաչում ունեցող, հեղինակավոր, հզոր ակտիվների կառավարիչներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

«Քանի որ հասարակության պարտադրանքի միջոցով այդ գումարները կուտակվելու են, պետք է ռիսկայնությունը հնարավորին չափով մինիմիզացնենք: Մեր քննադատներն ասում են, թե դրանք գրպանային ակտիվների կառավարիչներ են: Օրենքը այնպես է սահմանված, որ առնվազն այն ակտիվների կառավարիչները, որոնք կառավարելու են մեր փողերը, պարտադիր պետք է լինեն միջազգային ճանաչում ունեցող կառավարիչներ: Մենք մի քանի խոշոր ընկերությունների հետ աշխատանքներ ենք տանում, տեսնենք՝ ինչ կստացվի, այս պահի դրությամբ դրական է մեր երկխոսությունը այդ ընկերությունների հետ»,- նշեց նա:

Արձագանքելով «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի արտահայտած տեսակետին, թե հավաքված գումարները արտահանվելու են՝ Արամյանն ասաց, թե այդ փողերը կարող են ներդրվել և ներքին, և արտաքին տնտեսությունում:
«Համար առաջին խնդիրը մեզ համար մարդն է և իր խնայողությունների իրական եկամտաբերությունն է: Կամավորի մասով կառավարության որոշումն արդեն սահմանված է, որ 50%-ից ավել թույլ չի տրվում, որ դուրս գնա: Պարտադիրի մասով ավելի խիստ է լինելու, քան կամավորը: 50% սահմանափակումը, որը կա կամավորի մասով, պարտադիրի մասով առաջին փուլում լինելու է շատ ավելի կոշտ՝ 50%-ից ցածր»,- նշեց փոխնախարարը:

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. Եթե լքեմ «Յուվենտուսը», հաճույքով կվերադառնամ «Պարմա»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ վիճակախաղի երկու հաղթողները կկիսեն 580 մլն դոլար ջեքփոթը’