‘
Մեկ միլիոն եվրոն զավեշտալի ու ծիծաղելի թիվ է, Հայաստանն ունի միգրացիոն ծառայություն, որը բարեխիղճ կերպով գրանցում է բոլոր խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա նկատեց, որ ոչ մասնագետներն ուշադրությունը սևեռում են միայն արտագաղթի ու դրա ծավալների վրա, մինչդեռ դրան հաջորդում են ածանցյալ այլ խնդիրներ: Բոստանջյանի կարծիքով՝ դա սպառնում է մեր ազգային անվտանգությանը:
«Պետք է լուծել խնդիրը, և, բնականաբար, մեկ միլիոն եվրոյի մասին խոսելն ավելորդ է: 2012 թվականի տվյալներով՝ Հայաստանում միայն բանկային համակարգի մասնավոր տրասֆերների միջոցով Հայաստան է մտել 1.7 միլիարդ դոլար: Այդ պարագայում մտածել մեկ միլիոնի մասին՝ ծիծաղաշարժ մի բան է»,- նշեց Բոստանջյանը:
Նրա կարծիքով՝ խնդիրը պահանջում է արմատական լուծում, և այն գտնվում է իշխանությունների ձեռքում: Ըստ Բոստանջյանի՝ խնդրի լուծման համար հարկավոր է ստեղծել աշխատատեղեր ու ապահովել այնպիսի եկամուտներ, որ մարդիկ կարողանան «արժանավայելությանը մոտ ապրելակերպ վարել»:
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ-ն որոշել է ևս մեկ միլիոն եվրո տրամադրել Հայաստանին և աջակցել շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրման գործընթացին:
‘