Վարդան Հարությունյան. Գլուխը գաղափարի մեջ. Ալիք Մեդիա

1681

Իր հոդվածներից մեկում (1918) Թումանյանը գրում է․ «Գաղափարները մեծ բաներ են: Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով, մարդը դառնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որեւէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար, մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։

….. էս տեսակ մարդիկ ո՛չ թե առողջ դատում են, այլ դուրս են տալիս, եւ հավատալով, թե իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքանում են ու դառնում են վտանգավոր եւ մինչև անգամ դաժան ու գարշելի արարածներ ․․․․»:

Իրոք, ամենալավ գաղափարներն ու մտքերն աղավաղվում, անհեթեթության են վերածվում, դառնում են մերժելի, եթե նա, ով որպես դրանց կրող է ներկայանում, չի կարողացել խորապես ընկալել, յուրացնելու ունակ չի եղել, հետեւաբար՝ մատուցել էլ չի կարողանում։

Այսպես է, երբ Փաշինյանը խաղաղությունից ու հաշտությունից է խոսում։

Խաղաղությունն ու հաշտությունն, ինչ խոսք, անհրաժեշտություն են, բայց նրա քարոզած-առաջարկած խաղաղությունն ու հաշտությունը մարդիկ չեն ընդունում։ Չեն ընդունում իրական ու պատմական Հայաստանների մասին նրա չընդհատվող մտավարժանքները։ Չեն հավատում ժողովրդավար լինելու մասին նրա պնդումներին։ Չեն ընդունում մեր հեռու ու մոտ անցյալի վերաբերյալ նրա դատողությունները։

Չեն հավատում ու չեն ընդունում, ոչ թե այն պատճառով, որ դեմ են հաշտությանն ու խաղաղությանը, որ մեր պատմությունը քննադատությունից դուրս դոգմա են համարում կամ չեն ցանկանում իրական ու վիրտուալ Հայաստանների մասին քննարկում ունենալ, այլ որովհետեւ այս մտքերը Փաշինյանն է հնչեցնում։

Փաշինյանի՛ն չեն հավատում։ Նրա՛ն չեն վստահում։ Հիշում են երեկվա Փաշինյանին։ Տեսնում են երեկվա ու այսօրվա տարբերությունը։ Երեկվա ու այսօրվա ճչացող հակասությունն են տեսնում ու հասկանում են, որ նա իր առաջ քաշած գաղափարների ու մտքերի կրողը չէ։ Տեսնում են, որ կապկում է։

Տեսնում են, որ գրավյալ տարածքների մի մասը Ադրբեջանին վերադարձնելով հաշտության ճանապարհ հարթելու միտքը կտրականապես մերժողը, բանակցությունները ֆարսի վերածողը, պատմության խորքերում այսօրվա հակամարտության լուծումները որոնողը, երկրի բարձրագույն ամբիոնից Սեւրի պայմանագիր թափահարողը ստվարաթղթե քարտեզը ձեռքին իրական Հայաստանից է խոսում ու չեն հավատում։

Տեսնում են, որ քարանձավային հայրենասիրությամբ ծափահարություններ կորզողը, փոխզիջումներով հաշտության հասնելու հնարավորությունը բացառողը խաղաղարար ու խաղաղասեր է ներկայանում, հաշտությունից, երկխոսությունից ու բարիդրացիությունից է խոսում ու չեն հավատում։

Չեն հավատում երեկվա ընդգծված ոչմիթիզականին, որ այդպիսին մնաց մինչեւ 2020-ի պարտությունը, որ այդպիսին էլ կմնար, եթե պարտություն չլիներ։

Հիմա պարտության թելադրանքներին հլու՝ խաղաղությունից ու հաշտությունից է խոսում։ Դրսից հնչող պարտադրանքները գաղափարական շղարշով է քողարկում։ Իբր՝ պարտադրանք չկա, իբր՝ կան սեփական գաղափարները, որոնցով առաջնորդվում է։ Բայց քանի որ ոչ թե գաղափարն է գլխի մեջ, այլ գլուխը գաղափարի, ապա ողջն իրար է խառնում, խոսում է վայրիվերո, խոսում է ագրեսիվ, Թումանյանի ասածի պես՝ «ինքն իրենից տաքանում է»։

Այսպես աղավաղվում ու անընդունելի են դառնում հաշտությունն ու խաղաղությունը, որովհետեւ պարտության շարունակությունն է փորձում որպես հաշտություն ներկայացնել, նահանջներն էլ՝ խաղաղություն։

Պատմական էքսկուրսները ցույց են տալիս, որ պատմության մասին նրա պատկերացումները ոչ թե պատմագիտությունից, այլ խոսքուզրույցից ու գեղարվեստական գրականությունից են բխում, որոնք դպրոցում կարդալ են ստիպել։

Անցյալի վերարժեւորումը անցյալի խեղաթյուրում է դառնում, արժեքների վերագնահատումը՝ արժեքների ժխտում։ Ապագայի մասին պատկերացումներն սկսվում ու բոլոր ձեռքբերումների ուրացմամբ են ավարտվում, իսկ ժողովրդավարությունն ու իշխանություն ձեւավորելու քաղաքացու իրավունքը անընդմեջ կրկնվող դատարկ կարգախոս են դառնում։

Որովհետեւ նա այս մտքերից ու այս գաղափարներից եւ ոչ մեկի կրողը չէ։

aliqmedia.am

Նախորդ հոդվածըԶորի Բալայանի պատասխանը Արմինե Օհանյանին
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. պատմաբան, որը տեսնում էր գալիքը. Ալիք Մեդիա