Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.
«Խաղաղություն է, պնդում են Հայաստանի իշխանավորները։ Խաղաղություն է՝ երկրորդում են Ադրբեջանից։ Այս երկու երկրներում, սակայն, այդ խաղաղությունը տարբեր են ընկալում։ Հայաստանյան խաղաղությունը խեղճ է ու տկար։ Ադրբեջանականը՝ հակառակը, ագրեսիվ է ու պահանջատեր։ Իր պահանջներն է առաջ քաշում, ստացած զիջումներն էլ բավարար չի համարում։ Զարմանալի չէ բոլորովին։ Ադրբեջանը հաղթել է, իսկ Հայաստանը, որքան էլ իշխանամետ ու իշխանամերձ շրջանակները լսել չցանկանան, պարտվել է։ Պարտությունն էլ եղել է ջախջախիչ։ Եթե դու քո մեջ քաջություն չես գտնում ու պարտությունդ չես ընդունում, եթե դու այն չես ճանաչում, եթե պարտությանդ առերսվելուց խուսափում ես, ապա այն անտանելի հոգս է դառնում ու հետապնդում է քեզ։ Այս դեպքում պարտությունդ վերջակետ չի ունենում։ Այն շարունակվում ու շարունակվում է։ Քեզ պարտության գերին է դարձնում։ Մեր իշխանությունները մեր պարտությունը ճանաչել ու ընդունել չկարողացան։ Այսօր նրանք այդ պարտության գերիներն են։
Շատ եմ ասել, իսկ 1998-ից սկսած կրկնել ու կրկնել եմ, 2010-ին «Հրապարակում» լույս տեսած, ապա ադրբեջաներեն թարգմանված ու ադրբեջանական մամուլում հրապարակված իմ հոդվածում հանգամանորեն բացատրել եմ, այսօր էլ կկրկնեմ, որ 1998-ից թե՛ Հայստանում, թե՛ Ադրբեջանում իշխանության է եղել նույն կուսակցությունը՝ պատերազմի կուսակցությունը։ Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական իշխանությունները, եթե անուն առ անուն հիշենք, ապա չնկատել չենք կարող, որ բոլորն էլ պատերազմով են կայացել, սնվել են պատերազմով։ Պատերազմն է նրանց իշխանության բերել ու պատերազմն է թույլ տվել, որ իշխանության մնան։
2018-ին հույս արթնացավ, թե Հայաստանում նոր իշխանություն է գալիս, թե նրանք պատերազմի կուսակցությունից չեն, թե խաղաղություն տանող ճանապարհ են հարթելու։ Գոնե ես այդպես էի մտածում։ Ավելին՝ փորձում էի հուշել, աջակցել, օգնել։
Շատ շուտ, սակայն, պարզվեց, որ Հայաստանում իշխանության է եկել պատերազմի կուսակցության ամենառազմատենչ թեւը։ Փաշինյանի 2019-ի, 2020-ի բոլոր ելույթներն էլ սա են վկայում։
Այս պարագայում պատերազմ չլինել չէր կարող։ Եւ պայթեց պատերազմը, որը Հայաստանին ջախջախիչ պարտություն բերեց։ 2020-ի պարտությունը, մի առիթով ասել եմ, այստեղ էլ կրկնեմ, փշրեց պատերազմի կուսակցության Հայաստանի մասնաճյուղի բոլոր ատամները եւ պոկեց լեզուն։ Այն անատամ է այսօր ու անլեզու։ Ծնկած է ու Ադրբեջանից հնչող թելադրանքներին է հլու։ Ու հիմա պատերազմի անատամ կուսակցությունը խաղաղությունից է խոսում։ Ստիպված է։ Այլ տարբերակ չունի։ Ու թերի են խաղաղության մասին նրա զրույցները։ Նրանց խաղաղությունը հողի վրա չէ։ Նրանց խաղաղությունը Ադրբեջանի կամքով է պայմանավորված։ Վիրավորակա՞ն է սա։ Իհարկե, վիրավորական է։ Ցավալի՞ է սա։ Անկասկած, ցավալի է։ Բայց, ցավոք, այդպես է։ Կույր ձեւանալն ու կրկնելն անիմաստ, թե Ադրբեջանից հնչող պարտադրանքներին ու հեգնանքներին չենք պատասխանում, որովհետեւ խաղաղությունն ենք խնամում, արդարացում չէ։ Ավելին՝ ստորացուցիչ է«։
