Մեր անընդհատ սեղմվող սահմանները, պարտությունից պարտություն մեր ընթացքը պատահական չեն։ Մենք մեր վարքով, մեր մտածողությամբ դրանց համար հող ենք նախապատրաստում։ Իհարկե, կա հակառակորդի պարագան։ Իհարկե, հակառակորդն իր խնդիրներն ունի, որ լուծել է աշխատում, մեր խնդիրն էլ, բայց, պետք է լինի հակառակորդի ծրագրերը եւ հակառակորդի հնարավորությունները գիտակցելը, մեր ծրագրերն ու մեր հնարավորությունները դրանց համադրելը եւ, հարաբերակցությունը ճիշտ գնահատելով, իրավիճակից բխող համարժեք քայլեր մշակելը։ Իսկ մենք, ինչպես մեր անցած ճանապարհն ու մեր ներկան են վկայում, իրականությունն ու մեր հնարավորությունների սահմանը ճանաչել չենք կամենում/կարողանում, մեզ համար սուտ իրականություն ենք կերտում ու ապրում այդ իրականությունում։
Մեր կերտած երեւակայական աշխարհում կյանքը հեշտ է ու հաճելի։ Այնտեղ մենք հաղթական ենք, այնտեղ պարտություն ու կորուստներ չկան։ Եվ երբ մեր հորինվածքը, իրականությանը բախվելով, փշրվում ու մեզ փաստի առաջ է կանգնեցնում, զարմանում ենք, թե ինչու այդպես եղավ։ Սկսում ենք մեղավորների փնտրել ու, որպես կանոն, գտնում ենք մեզնից դուրս։
Եթե հետ նայենք, ապա չենք կարող չտեսնել այն կեղծ իրականությունը, որ կար, որի մեջ 20 եւ ավելի տարիներ՝ մինչեւ 2020-ի պատերազմը, ապրում էինք. մենք հաղթել էինք ու, անկասկած, հաղթելու էինք, ունեինք անպարտելի բանակ, ոչ մի փոխզիջում ու ոչ մի զիջում չէինք ընդունում, պատերազմից էլ չէինք վախենում։
Երբ պատերազմն ավելի քան մոտ էր, երբ այն, եթե ոչ այսօր, ապա վաղը պետք է պայթեր, Նիկոլ Փաշինյանը, որ 2015-2016 թվականներից «ոչմիթիզականությամբ» հիվանդ քաղաքական դաշտում հաստատվելու նպատակով որդեգրել էր այս մտածողությունը, «հուլիսյան հերոսամարտով» էր կերակրվում ու կերակրում։ Սահմանային ընդհարումը որպես մեծ պատերազմ ներկայացնելով, իրեն հաղթանակած բանակի հրամանատար երեւակայելով՝ աջ ու ձախ մեդալներ ու կոչումներ էր շաղ տալիս։
Անտեղյակ, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ նոր հանգամանքներ են, ու ինչ նոր զարգացումներ են տարածաշրջանում, առանց հակառակորդի հնարավորությունները հաշվի առնելու, առանց մեր հնարավորությունները գնահատելու, կրկնում էր տարիների կրկնվածը, թե հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ապա հոխորտում էր․ «Հայաստանի հետ չպետք է ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետեւ մեզ հետ այդպես խոսել չի կարելի։ Շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքի»։
Ադրբեջանի ներքաղաքական կյանքն ապակայունացնել էր սպառնում․ «Եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։
Այս խոսքերը հնչում էին 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին։ Կարծես Հայաստանը բոլորովին այլ մոլորակում էր, կարծես ադրբեջանական բանակի պատրաստությունները չէին երեւում, կարծես ամենօրյա ռեժիմով Ադրբեջանից սպառնալիքներ չէին հնչում, կարծես թուրք-ադրբեջանական զորավարժությունները չկային, կարծես չկար միջազգային հանրության պահանջը՝ օր առաջ գնալ հակամարտության լուծման, կարծես 2016-ի ապրիլյան քառօրյան չէր եղել ու ցույց չէր տվել ադրբեջանական բանակի հնարավորություններն ու մեր բանակի թույլ կողմերը։
Հովհաննես Քաջազնունին, 1920-ի ջախջախիչ պարտության նախօրեին կառավարությունում տիրող տրամադրություններին անդրադառնալով, գրում է․ «Մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժին ու շատ վստահ ենք եղել մեր ուժերի վրա։ Չէինք վախենում պատերազմից, որովհետեւ վստահ էինք, թե կհաղթենք։ Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին ու չէինք զգուշանում»։
Ալեքսանդր Խատիսյան էլ ավելացնում է․ «Հայ ժողովուրդը, հանձինս իր ղեկավար շրջանակների, մեծ սխալ գործեց՝ չափազանց մեծ պահանջներ առաջադրելով, առանց հաշվի առնելու իր ուժերն ու միջազգային կարելիությունները»։ Նույնաբովանդակ դիտարկումներ են անում նաեւ ժամանակի այլ գործիչներ։
Լավ է, որ այդ շրջանի պատասխանատուները առատ հուշագրություններ են թողել ու, թեկուզ հետին թվով, բայց խոսել են իրենց սխալների մասին։ Արդեն մեր օրերում կարելի էր դասեր քաղել պատմությունից՝ լինել իրատես, առաջնորդվել սառը հաշվարկներով, չտրվել զգացմունքներին ու ինքնախաբեությանը, չկրկնել 1920-ի սխալներն ու չհանգել 2020-ի նոյեմբերի պարտությանը։ Բայց, որքան էլ ցավալի է, այդպես չեղավ։ Դասեր քաղելու համար սովորելու ցանկություն ունեցողներ են պետք, որպիսիք 2000-ականների սահմանագծից այս կողմ չունեցանք։ Նրանք անտեղյակ էին պատմությանը։ Նրանք պատմությունը չէին հարգում։ Նրանց իմացած պատմությունը, լավագույն դեպքում, սկսվում ու ավարտվում էր խորհրդային դպրոցի դասագրքերով։
Որքան նման են 1920-ի եւ 2020-ի սխալները, նույնքան նման են դրանց հետեւանքով գրանցված պարտությունները։ Այլ կերպ լինել չէր կարող։ Նույն սխալները նույն հանգրվան են տանում։ Իրատեսության մերժումը աղետի չբերել չէր կարող։
Պատմության նույնական կրկնությունները հաշվի առնելով, որքան էլ վիրավորական լինի, պետք է ընդունենք՝ կեղծ իրականություն ստեղծելն ու այդ իրականությունում ապրելը սովորություն է դարձել, որից, եթե չհրաժարվենք, կորստաբեր մեր ուղին չի բեկվի, ու անընդհատ կստանանք իրականության ապտակը։