‘Վարդան Հարությունյան. Սերժ Սարգսյանը գծել և իրականացրել է իր գծած ընտրությունը’

1189

Սերժ Սարգսյանը սխալվել է, որովհետև նրա պաշտոնավարման ողջ ընթացքում Հայաստանի բանտերը լցված են եղել քաղբանտարկյալներով, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, կառույցները, կուսակցությունները և շարժումները մշտապես հալածվել են: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ կարծիք հայտնելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում, մասնավորապես, ասում է. «Հինգ տարի առաջ քաղաքական հակադրությունները և ատելությունը բառացիորեն թունավորել էին կյանքը երկրում: Պետք էր քանդել այդ ողջ բարդ հանգույցը, քանզի մեջքից հարվածել չէր կարելի: Մեզ հաջողվեց կայունացնել և բացել քաղաքական համակարգը, անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Մենք արդյունավետ համակարգեր ստեղծեցինք հասարակական-քաղաքական երկխոսության համար»:

Իրավապաշտպանը նշեց, որ այսօր էլ Սերժ Սարգսյանի դրած ավանդույթի համաձայն՝ բանտում կա քաղբանտարկյալ՝ Տիգրան Առաքելյանը, ևս մի քանի հոգի սպասում են իրենց կալանքին:

«Խոսել այն մասին, թե իր իշխանավարման ընթացքում հանդուրժողականություն է տեղի ունեցել, և նրանք կարողացել են լեզու գտնել ընդդիմության հետ, կեղծիք է: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ, ինչպես Սերժ Սարգսյանն ինքն է գնահատում, անց են կացվել նորմալ խորհրդարանական ընտրություններ, ապա դա այդպես չէ, որովհետև եթե տեղի ունենային նորմալ խորհրդարանական ընտրություններ, ընդդիմությունն անհամեմատ ավելի շատ տեղեր ու ձայներ կունենար խորհրդարանում»,- ասաց Հարությունյանը:

Նրա համոզմամբ՝ տեղի են ունեցել այնպիսին ընտրություններ, ինչպիսին ցանկացել է Սերժ Սարգսյանը, որն իր աշխատասենյակում գծել և իրականացրել է իր գծած ընտրությունը, հիմա էլ ինքն իր արած աշխատանքին գնահատական է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում:

«Փոփոխություն եղել է այնքանով, որ նրա իշխանավարման սկզբի շրջանում ունեցել ենք 100-ից ավելի քաղկալանավոր, այսօր ունենք մեկը, բայց դա չի նշանակում, որ այսօր Սերժ Սարգսյանը չի կարող այդ թիվն ավելացնել առնվազն չորսով»,- եզրափակեց իրավապաշտպանը: 

Նախորդ հոդվածը‘«Օրենքով գողերը» գտել են Դեդ Հասանի սպանության մեղավորին’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը Ֆրանսիայում բոլորի ուշադրության կենտրոնում է. Տեսանյութ’